Կորոնավիրուսը շարունակում է թելադրել միջազգային շուկաների զարգացման տրամաբանությունը: Պատվաստանյութ ստեղծած և տարբեր երկրների կառավարությունների հետ պայմանագիր ստորագրած ընկերությունների արժեթղթերի ծավալն ավելանում է տպավորիչ տեմպերով:
Հատկանշական է, որ դրանց շարքում առաջատարն ամերիկյան «Մոդեռնա» ընկերությունն է, որի համահիմնադիրներից և տնօրենների խորհրդի նախագահն է մեր հայրենակից Նուբար Աֆեյանը:
Հուլիսին ընկերության կապիտալիզացիան գերազանցել էր 100 մլրդ դոլարը, ինչի արդյունքում կառույցը ընդգրկվել էր հանրահայտ S&P 500 վարկանիշում: Ընկերության մեկ արժեթուղթն այս տարվա հունիսին վաճառվում էր 232 դոլարով, իսկ այժմ՝ 411: Նման ցուցանիշ ֆոնդային բորսայում արձանագրել են հաշված ընկերություններ:
Համաշխարհային շուկաներում այս շաբաթ իսկական փոթորիկ առաջացրեց «Ռոբինհուդ» առցանց բրոքերային ընկերությունը: Բորսա դուրս գալուց անմիջապես հետո կառույցի արժեթղթերի գինն ավելացավ միանգամից 20 տոկոսով: Իսկ հաջորդ օրը արժեթղթերը թանկացան ևս 80 տոկոսով: «Ռոբինհուդը» դեռ նոր պետք է գտնի իրեն ներդրողների շրջանակում: Այժմ կառույցը շարունակում է մնալ առավել հետաքրքիր, սակայն ոչ կանխատեսելի ներդրում:
Նավթի շուկայում նկատվում է որոշակի անհանգստություն՝ պայմանավորված սպառման ծավալների նվազմամբ: Քովիդի պատճառով համաշխարհային տնտեսությունը բարդ է վերականգնվում, իսկ դա ուղղակի ազդում է նավթի սպառման ծավալների վրա:
Սև ոսկու գինն այս շաբաթ մեկ բարելի համար 70 դոլարից նվազել է: Փոխարենն իրենց առավելագույն արժեքին մոտ են պղնձի գինը, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության համար: Պղնձի մեկ տոննան այս շաբաթ վաճառվում էր 9500-10000 դոլարի միջակայքում:
Հայաստանի կենտրոնական բանկն այս շաբաթ որոշում կայացրեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով: Կառույցը նման կերպ փորձում է զսպել գնաճը: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին սպառողական գների ինդեքսն ավելացել է 8,2 տոկոսով:
Տարեսկզբից գնաճը կազմում է 5,7 տոկոս: