ՄԵԿ ՕՐՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 385 ԹԱԼԻԲ ԳՐՈՀԱՅԻՆ
Աֆղանստանում կառավարական ուժերը մեկ օրում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման 385 գրոհայինի: Այս մասին տեղեկացնում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: «Աֆղանստանի զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում մեկ օրում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 385 գրոհային, և ևս 210-ը վիրավորվել են»,- հայտնել է նախարարությունը: Երկրի զինված ուժերը ռազմական գործողություններ են անցկացրել երկրի 14 նահանգներում:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԵՔ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Թուրքիայում միաժամանակ գրանցվել է երեք երկրաշարժ: Այդ մասին տեղեկացել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը: Երկրաշարժերն արձանագրվել են Մուղլա նահանգում: Առաջին ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 4.2, երկրորդինը՝ 4.4, երրորդինը՝ 4.9 մագնիտուդ: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ զորավարժությունները: Վարժանքներին մասնակցել է 2500 զինվորական ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից՝ Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ուկրաինայից և Էստոնիայից: Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերն առաջին համատեղ զորավարժություններն են անցկացրել Սև ծովում: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: «Սցենարի համաձայն՝ զինված խմբավորումներով օտարերկրյա նավը խախտել է Վրաստանի տարածքային ջրերը: Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերը իրականացրել են համատեղ զորավարժություններ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Համատեղ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերի միջև համատեղելիությունն ու ամրապնդել գործընկերային ու բարեկամական հարաբերությունները:
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ
Հունաստանում անտառային հրդեհներն անկառավարելի են դարձել: Բնական աղետի հետևանքով մահացել է 2 մարդ, տուժել են 20-ը, հազարավոր բնակիչներ տարհանվել են: Աթենքի երկնակամարը պատվել է ծխի թանձր շերտով: Հունաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններից զանգվածային տարհանում է սկսվել: Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել օդի բարձր ջերմաստիճանի և քամիների պատճառով: Ամբողջ երկրի տարածքում արձանագրվել է կրակի 154 օջախ: Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի խոսքով՝ անտառային հրդեհները ցույց են տալիս «կլիմայական փոփոխության իրական պատկերը»: