Չնայած ներկայացնում է ամերիկյան գրականության ամենահայտնի ու ընթերցված նովելիստներից մեկին, բայց, իրավամբ, կարող ենք ասել՝ ստեղծված է Վայոց ձորում: «Մաշտոց» հրատարակչության առաջին գիրքը՝ «Օ՛Հենրիի» թարգմանական ժողովածուն, ստեղծվել է բացառապես Վայոց ձորի սկսնակ թարգմանիչների ուժերով: Նորաստեղծ հրատարակչության գերխնդիրն ազգային գրականության և մանավանդ՝ հայկական թարգմանչաց դպրոցի լավագույն ավանդույթների զարգացումն է՝ հատկապես Վայոց ձորում, որն այդ ավանդույթների ժառանգորդն է:
Առաջիկայում թարգամանական առաջին խմբին կմիանան նաև ֆերանսերենի ու գերմաներենի խմբերը: Արդեն մտածում են նաև Երևանում թարգմանչաց կենտրոնի մասին, բայց չեն սահմանափակվելու միայն թարգմանական գրականությամբ:
Հրատարակչության կոչին արձագանքած և ուժերը թարգմանության ոլորտում փորձել ցանկացող երիտասարդները շատ էին: Ի վերջո, ընտրվեցին 20-ը, որոնք աշխատանքին զուգահեռ մասնակցեցին նաև հայերենի և անգլերենի դասընթացների:
«Օ՛Հենրիից» հետո այս պահին հրատարակության աշխատանքային փուլում է 3 մանկապատանեկան գիրք, իսկ առաջիկայում «Մաշտոցը» կիրականացնի մի ծավալուն և շատ ծախսատար նախագիծ՝ կհրատարակի քաղաքագիտական ու փիլիսոփայական օտարալեզու մի մատենաշար, որը շատ պահանջված է և առ այսօր հայերեն չի թարգմանվել: Հրատարակչության հետ մեծ հույսեր են կապում նաև սկսնակ գրողները:
Իսկ առայժմ «Մաշտոցն» ընթերցողին է ներկայացում «Ամերիկյան պատմությունները», որը, ըստ նախաձեռնողների, ոչ թե պարզապես թարգմանական ժողովածու է, այլ պատմություն այն մասին, թե ինչպես համախոհների թիմը կարող է ցանկացած լավ գաղափար գործի վերածել: