Տարածաշրջանային հրդեհների ֆոնին Հայաստանում ևս մեծացել է նման տարերային աղետների ռիսկը: Այս նպատակով արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերն անցել են երկու հերթափոխով ծառայության:
Արսեն Սարոյան (ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ) - Մենք ուժեղացրինք ծառայությունը և պատշաճ կերպով պատրաստ ենք, անմիջապես արձագանքում ենք ցանկացած հրդեհի, արտակարգ դեպքի և պատահարի:
Այս ընթացքում կենտրոնի հրահանգիչնեը ևս արտակարգ ռեժիմով են աշխատում: Օպերատորների օպերատիվության շնորհիվ է նաև, որ հրդեհների մասին հաճախ չենք լսում:
Սյուզաննա Չերկեզովա (911 ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի հրահանգիչ) - Կենտրոնում ընդհանուր ստանում ենք մոտ 1500-2000 զանգ, որից 30-40 հատը կարող է լինել հրդեհ: Ունենում ենք հիմնականում խոտածածկ տարածքներում՝ եղանակի հետ կապված, լինում են մեկ-մեկ բնակարաններում:
Հրդեհների հիմնական պատճառը, ԱԻՆ պատասխանատուների խոսքով, մարդկային գործոնն է: Եղանակային պայմանները բարենպաստ են, ԱԻՆ-ն էլ բավարար քայլեր է ձեռնարկել հրդեհների կանխարգելման համար, ինչի արդյունքը տեսանելի է, հրդեհների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է:
Երկհերթափոխային ծառայություններից բացի, կատարվում են կանխարգելման այլ միջոցառումներ: Անտառածածկ, բուսածածկ տարածքներում ոռոգում, պարբերաբար շրջայցեր, անօդաչու թռչող սարքերով վերահսկողություն և բնակչության շրջանում իրազեկման աշխատանք:
Արսեն Սարոյան - Հայաստանի 11 տոկոսն են անտառային տարածքները, և եթե յուրաքանչյուրս ըմբռնումով մոտենանք, պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները, անփույթ վերաբերմունք չցուցաբերենք և ընդհանուր համատեղ աշխատանքվ մենք ավելի արդյունքների կհասնենք և կպահպանենք անտառային և բուսածածկ տարածքները:
Երկու հերթափոխով ծառայության անցնելը բացառապես լրացուցիչ անվտանգության համար է՝ վստահեցնում է ԱԻՆ պատասխանատուն, շեշտում՝ հրդեհները կանխատեսելն անհնար է:
Հեղինակ՝ Կարինե Տերտերյան