Ճապոնիայի կառավարությունը դեմ է պատերազմներին, ռազմական ուժի միջոցով միջազգային վեճերի կարգավորմանը: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին:
Ֆուկուսիմա Մասանորի (Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պատերազմի մասին Ճապոնիան իր խորին անհանգստությունն ու ցավակցությունն է հայտնել Հայաստանին: Այս պատերազմն ու հակամարտությունը ունեն խոր արմատներ: Սակայն այդպիսի հակամարտությունը չի կարող լուծվել պատերազմի միջոցով, պետք է փնտրել խաղաղ ուղիներ: Ճապոնիայի անունից կարող եմ ասել, որ պատերազմն անընդունելի է:
Ի դեպ, սպառնալիքի և ռազմական ուժի միջոցով միջազգային վեճերի կարգավորման անթույլատրելիության սկզբունքն ամրագրված է նաև Ճապոնիայի Սահմանադրության մեջ։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին խոսելիս դեսպանը անդրադարձավ Նագասակիի և Հիրոշիմայի ողբերգական դրվագներին, շեշտեց՝ Ճապոնիան լավ գիտի պատերազմի թողած ազդեցությունն ու հետևանքները:
Ֆուկուսիմա Մասանորի - Ճապոնիան շատ լավ գիտի՝ ինչ է պատերազմը, մենք զգացել ենք ատոմային ռումբի ուժը, պատերազմի հասցրած վնասներն ու ցավը Ճապոնիան շատ լավ է հասկանում:
Մայիսի 12-ից մինչև օրս Ադրբեջանի զորքերի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից իրավիճակի էսկալացիայի տանող սադրանքների վերաբերյալ դեսպանն իր անձնական դիրքորոշումը հայտնեց:
Ֆուկուսիմա Մասանորի - Այս պահին կառավարության անունից մեկնաբանություն անել չեմ կարող, բայց որպես անձնական դիրքորոշում՝ դա ինձ համար անընդունելի է:
Անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելը՝ հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց վերադարձնելը, շինծու դատավարությունները, Ճապոնիայի դեսպանը նշեց՝ պետք է հետևել միջազգային կանոնադրությանը և մարդու միջազգային իրավունքներին:
ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ
ԴԵսպանն անդրադարձավ նաև հայ-ճապոնական հարաբերություններին:
Ֆուկուսիմա Մասանորի - 2018 թ.-ից Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունների նոր ծրագիր է մշակել: Հարաբերությունները որակական նոր փուլ են մտել և շարունակում են զարգանալ: Ես՝ որպես դեսպան, ամեն ինչ կանեմ, որ բոլոր ծրագրերը իրականություն դառնան:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան