Խոտի ավտոն ո՞ւմ տուն գնաց, հարևաններից ո՞վ է կարողանալու կով-ոչխարին պահել-չմորթել, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում այս օրերին բոլորն են հետևում։ Ուշադրության պատճառն անասնակերի դեֆիցիտն է։
Ռադիկ Ասպատուրյան - էս ա, կակռազ մաշնեն կանգնած՝ 2-3 հա-ի անասնակեր ա, աշխատում ենք բերենք-պահենք, բայց եթե չեղավ՝ պիտի վերացնենք:
Մի կովը սեզոնին միջինում 95 հակ խոտ է ուտում՝ անգիր գիտեն գյուղացիները։ Խոշոր ֆերմաները մի կողմ, տունն-ընտանիքն այս կողմերում սովորաբար 4-5 կով է պահում՝ հորթերը չհաշված։ Այդքանի համար պաշար կուտակել մարդիկ այս տարի ո՛չ հնձելով են կարողանում, ո՛չ՝ առնելով։ Սարերին ձյունը հազիվ էր հալվել, որ կանաչն աճեր, եղանակը կտրուկ շոգեց, ուժեղ արևն ամեն ինչ չորացրեց՝ բացատրում է գյուղապետը։
Արայիկ Աբրահամյան (Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի ղեկավար) - Տևական երաշտի պատճառով խոտածածկը վառվել ա, խոտի պաշար չկա ոչ բնականում, ոչ ցանովի խոտհարքերում:
Ինքը նույնպես կով ունի, ձմեռվա խոտ՝ դեռ ոչ, այնպես որ, իր գոմի ճակատագիրն էլ է անորոշ։ Համայնքում ընդհանուր՝ այժմ պահում են 450 գլուխ խոշոր, 600-ի կարգի էլ մանր եղջերավոր։
Արայիկ Աբրահամյան - Ըստ իս՝ տեղի կունենա անասնագլխաքանակի հարկադիր մորթ, որը խոշոր եղջերավորների պարագայում մի քանի տարի ա պետք, որ վերականգնվի: Կարծում եմ՝ կկրճատվի լավագույն դեպքում 50 տոկոսով:
Գյուղում հիմա ամեն օր կենդանի մորթող կա։ Քանի դեռ մսավաճառները տավարի կիլոգրամը 1500, ցուլիկը՝ 2000 դրամով են տանում, անասնապահները մտածում են՝ չուշացնեն ուտող բերաններից ազատվելը։ Թե չէ հենց հոտն արոտի չքշեն, սպանդի ծավալն ավելանալու է, միսն էժանանա։
Ժորա Սարգսյան (Գեղարքունիք գյուղի բնակիչ) - Ես մի անասունն արդեն մորթել եմ, որովհետև անասնակեր չեմ հայթայթել։ Եթե մի հա-ը մեզ տալիս էր 100-150 խոտի տուկ, այս տարի տալիս ա 5-7 խոտի տուկ, եթե իհարկե քաղի:
Շատերը չեն էլ հնձում, որովհետև նոսր խոտի վրա կատարված ծախսը հակի արժեքը հասցնում է 5-6 հազար դրամի։ Թվում է՝ ձեռնտուն Նոյեմբերյան-Իջևանից բերվող մինչև 2000 դրամանոց ապրանքն է, բայց դա էլ անորակ, դատարկ ծղոտ է։ Սարի ծաղիկ ուտելուն վարժված Գեղարքունիքի կովերը դրանով չեն կշտանա ու նորմալ կաթ տան՝ ասում են։ Առանց այդ էլ կաթի մթերման գինը ոչ մի ծախս չի փակում։
Ժորա Սարգսյան - Մեկ լիտր ջուրը 250 դրամ արժե, իսկ մեկ լիտր կաթը 130 դրամ է: Դե, գյուղացին ինչ անի:
Միայն կաթն է, որ մթերողները համառորեն չեն թանկացնում, դե կով պահի, եկամուտ ստացի՝ ճակատագրից դժգոհում են անհատ անասնապահները։
էկոնոմիկայի նախարարությունում, որ պատասխանատու է գյուղոլորտի հարցերով, խոտի պակասի մասին տեղեկացված են։ Հույս ունեն՝ խնդիրը կլուծվի խոշոր ֆերմաներում պետական ծրագրով մատչելի դարձող ածիկի աճեցման հոսքագծերի, անհատ անասնապահների դեպքում էլ՝ աշնան անձրևների միջոցով։ Նույնքան լավատես չեն պանրագործները․ կովերի ու կաթի պակասելու պատճառով, ասում են՝ սկսել է կրճատվել ձմեռվա ու արտահանման համար աղաջուր մտնող ապրանքը։
Սարքվող պանիրը հազիվ ընթացիկ վաճառքներին է հերիքում։