Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի իշխանություններն Աֆղանստանում գտնվող իրենց բոլոր քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ այդ երկրից՝ կապված Աֆղանստանում «անվտանգության իրավիճակի վատթարացման» հետ: Բրիտանիայի կառավարությունից երկրի քաղաքացիներին զգուշացնում են հույսը չդնել արտակարգ դրությամբ պայմանավորված տարհանման վրա՝ հավելելով, որ աջակցությունը խիստ սահմանափակ է լինելու: Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը նույնպես իր քաղաքացիներին տեղեկացրել է, որ օգնությունը սահմանափակ է լինելու՝ կապված անվտանգային պայմանների հետ: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը նվազեցնում է իր աշխատակազմը՝ երկրում բռնությունների աճին զուգահեռ: Միաժամանակ «Թալիբան» շարժումը պնդում է, որ իր վերահսկողության տակ է անցել Աֆղանստանի ևս երկու շրջան:
*****
Աֆղանստանում կառավարական ուժերը մեկ օրում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման 385 գրոհայինի: Այս մասին տեղեկացնում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: «Աֆղանստանի զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում մեկ օրում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 385 գրոհային և ևս 210-ը վիրավորվել են»,- հայտնել է նախարարությունը: Երկրի զինված ուժերը ռազմական գործողություններ են անցկացրել երկրի 14 նահանգում:
*****
Այս գիշեր Իսրայելի օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օբյեկտները՝ ի պատասխան խմբավորման արձակած պայթուցիկ ու դյուրավառ նյութերով լցված օդապարիկների արձակման: «Ի պատասխան Իսրայելում հրդեհներ առաջացնելու Գազայի հատվածից պայթուցիկ ու դյուրավառ նյութերով լցված օդապարիկների արձակմանը, Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները գիշերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարին և այլ օբյեկտների»,- նշվում է Իսրայելի ուժայինների հաղորդագրության մեջ: Իսրայելի պետական ռադիոյի հաղորդմամբ՝ սահմանամերձ գյուղատնտեսական շրջաններում հրկիզման հետևանքով չորս հրդեհ է բռնկվել՝ վնասելով շինությունները:
*****
Թուրքիայում միաժամանակ գրանցվել է երեք երկրաշարժ: Այդ մասին տեղեկացել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը: Երկրաշարժերն արձանագրվել են Մուղլա նահանգում: Առաջին ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 4.2, երկրորդինը՝ 4.4, երրորդինը՝ 4.9 մագնիտուդ: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
*****
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ զորավարժությունները: Վարժանքներին մասնակցել է 2500 զինվորական ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից՝ Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ուկրաինայից և Էստոնիայից: Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերն առաջին համատեղ զորավարժություններն են անցկացրել Սև ծովում: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: «Սցենարի համաձայն՝ զինված խմբավորումներով օտարերկրյա նավը խախտել է Վրաստանի տարածքային ջրերը: Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերն իրականացրել են համատեղ զորավարժություններ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Համատեղ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերի միջև համատեղելիությունն ու ամրապնդել գործընկերային ու բարեկամական հարաբերությունները:
*****
Հունաստանում անտառային հրդեհներն անկառավարելի են դարձել: Բնական աղետի հետևանքով մահացել է երկու մարդ, տուժել՝ 20-ը, հազարավոր բնակիչներ տարհանվել են: Աթենքի երկնակամարը պատվել է ծխի հաստ շերտով: Հունաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններում զանգվածային տարհանում է սկսվել: Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել օդի բարձր ջերմաստիճանի և քամիների պատճառով: Ամբողջ երկրի տարածքում արձանագրվել է կրակի 154 օջախ: Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի խոսքով՝ անտառային հրդեհները ցույց են տալիս «կլիմայական փոփոխության իրական պատկերը»: