Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված «#HelpTurkey» հեշթեգով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու ստորացնել Թուրքիայի Հանրապետությունն ու նրա կառավարությունը։
Թուրք իրավաբան Թուրգութ Քազանի խոսքով՝ հասարակությունը նման քայլի է գնացել այն պատճառով, որ դեռ հրդեհի առաջին օրերին երկրի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել է, թե հրդեհաշիջման ինքնաթիռներ երկիրը չունի։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օգնություն խնդրելը մարդկային պահանջ է և եթե այրվող անտառները տեսնող քաղաքացիները վերջին ճիգերով օգնություն են խնդրում, դա միանգամայն բնական պահվածք է։ Մինչդեռ իշխանությունները անտարբեր են մնում այդ կոչերի նկատմամբ։
Քոզանը ընդգծել է, որ օգնության ճիչն ուղղակի չի կարող հանցանք համարվել։ «Այս իրավիճակը հանցավոր համարելն ուղղակի տրագիկոմեդիա է։ Եթե իսկապես իրավական պետություն ունենայինք, ինչպիսին նախատեսվում է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ, նման խնդիր չէր ծագի։ Սա հանցանք համարող պետությունը ուղղակի ցեղապետություն է։ Նման հետաքննությունները պետք է պատմության մեջ գրվեն ու որպես սխալի օրինակ ցուցադրվեն ու սովորեցվեն»։
Հիշեցնենք, որ հուլիսի 28–ից Թուրքիայի բազմաթիվ նահանգներում մոլեգնող մեծածավալ անտառային հրդեհների ֆոնին Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում օգնության կոչ էին արել։