Էջմիածնի մարզադպրոցի սանը քաղաքացու անձնագիրը գտել է Քասախ գետի հունից: Այնտեղ էին գնացել շրջակա միջավայրի նախարարության հետ ցամաքած գետի հունը մաքրելու: Ավտոմեքենայի թափք, զուգարանակոնք, սատկած կենդանիներ ու էլ ինչ ասես չեն հանել ցամաքած Քասախի հունից:
Աղտոտված Քասախի հունը տեսնելուց հետո շրջակա միջավայրի նախարարի տեղակալը եզրակացնում է՝ գետի հունն ու շրջակա տարածքները տարիներ շարունակ չեն մաքրվել: Արմավիրի տարածքով Քասախը հոսում է վեց բնակավայրերով, սկիզբ է առնում Արագածոտնի մարզից:
Չի բացառվում, որ արագիլների աղտոտվածության պատճառը աղտոտված գետերն են, ասում է նախարարի տեղակալը, դրանց պատճառները նախարարությունը դեռ ուսումնասիրում է:
Աննա Մազմանյան (շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Իհարկե, դա թափոններն են, կենցաղային թափոններն են և, իհարկե, արտադրամասերի թափոններն են, որոնք ոչ պատշաճ ձևով են իրականացնում իրենց աղբահանությունը:
Բնապահպանական տեսչական մարմինն Արարատում և Արմավիրում այժմ ուսումնասիրում է, թե ինչ արտադրական թափոններ են լցվում գետեր, ասում է նախարարի տեղակալը: Քասախի հարևանությամբ արդեն հայտնաբերել են բետոնե կառույցների արտադրամասեր, որոնք կոշտ թափոններ են լցնում գետ:
Աննա Մազմանյան - Արտադրում են պեմզաբլոկ, և այդ թափոնները իրենք լցնում են գետը, որը կարող է և գետի հունը փոխի, ինչը շատ լուրջ բնապահպանական խախտում է:
Այդպիսի դեպքեր հաճախ են հանդիպում, ասում է փոխնախարարն ու հավելում, այսուհետև շրջակա միջավայրի նախարարությունը խիստ տուգանքներ կկիրառի այն տնտեսվարողների ու համայնքների նկատմամբ, որոնք կփորձեն իրենց աղբը գետը նետել:
Աննա Մազմանյան - Գետերի մեջ հայտնաբերում են կահույք, մորթած գառ, մորթիներ կենդանիների, նաև, օրինակ՝ անձնագիր:
Հայաստանում գրեթե բոլոր գետերը քիչ թե շատ աղտոտված են հատկապես պլաստիկով ու ծխախոտով, որը նույնիսկ տարիներով հոսող ջուրը չի քայքայում:
Գետերի այն հատվածները, որոնք դարձել են աղբավայրեր, կմաքրվեն, ու այդ վայրերում նույնիսկ տեսախցիկներ կտեղադրվեն: