Սպասվում է, որ մինչև 2050 թվականն աշխարհի բոլոր ջրերում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ: ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ աշխարհում ամեն տարի սպառում են մոտ 5 տրիլիոն պլաստիկ տոպրակ, որից 300 միլիոնը հայտնվում են հողում, 20 միլիոնը՝ օվկիանոսներում:
Մեր երկրում որոշել են որոշ չափով մեղմել պատկերը: 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի առևտրի կետերում արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը:
Լուսինե Ավետիսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ) - Բացառություն են կազմելու երկրորդային հումքից արտադրված տոպրակները և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը: Դրանք առանց բռնակների տոպրակներն են, որպեսզի չծառայեն ապրանքների տեղափոխման համար:
Տնտեսվարողների համար սկսված գործընթացը լինելու է ցավալի, գիտեն, միջազգային փորձն է հուշում: Պլաստիկի բիզնեսը եկամտաբեր է: Որ մոլորակին օգնենք, տնտեսությանն էլ չվնասենք, տնտեսվարողներին առաջարկում են վերապրոֆիլավորվել, ստանալ կենսաքայքայվող տոպրակներ:
Ավետիս Վարոսյան («Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, գործարար, տնտեսագետ) - Մենք առաջարկում ենք կենսաքայքայվող, բազմակի օգտագործման տոպրակների համար նախատեսված հումք, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների փոխարինման համար նախատեսված հումք: Մեր հումքը կենսաքայքայվում է ջրում՝ ինչպես տաք, այնպես էլ սառը: Կարող ենք գնումները կատարել առևտրի կենտրոնից, գնալ տուն, եռացնել թեյնիկը, տոպրակներն ընկղմել տարայի մեջ, այնուհետեև տվյալ ջրով կարող ենք ջրել ծաղիկները:
Սպառողների համար մեկ այլ առաջարկ կա: «Հավատարմության տոպրակն» է՝ վերամշակված պլաստիկից:
Մխիթար Ավետիսյան («Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ նախագահ) - Այն մարդիկ, որոնք կունենան այս տոպրակը, կներբեռնեն, կսքանավորեն այս կոդը: Կներբեռնվեն իրենց հեռախոսի մեջ: Մոտենալով այն խանութներին, որոնք միացել են «Հավատարմության տոպրակ» նախագծին, այնտեղից կարող են ստանալ զեղչեր և բոնուսներ:
Մասնագետները վստահ են՝ այլընտրանքային միջոցներով կարող են ծածկել շուկայի 100 տոկոսանոց պահանջարկը: Մարդիկ էլ կարող են 700 դրամով բազմակի օգտագործման տոպրակ գնել ու մինչև մեկ ամիս օգտագործել: