Երևանի պատմության թանգարանից 13 բացառիկ ցուցանմուշ մեկ տարի ցուցադրության ժամկետով տեղափոխվում է Արագածոտնի մարզ: Երևանի պատմության ու Հայաստանի գինու պատմության թանգարանները փոխգործացության հուշագիր են ստորագրում՝ պաշտոնական դարձնելով արդեն երկարամյա համատեղ աշխատանքը:
Հայաստանի գինու պատմության թանգարանն այցելուների առաջ դռները կբացի մեկ ամսից: Տասը բաժիններից բաղկացած նորաբաց հարթակում ներկայացվելու են գինու ծագումն ու զարգացումը՝ Նեոլիթյան ժամանակներից մինչև մեր օրեր: Երևանի պատմության թանգարանից Արագածոտն են տեղափոխում վաղ ուրարտական շրջանի սափորներ, դրվագազարդ կարասներ և պաշտամունքային հուշարձաններ: Սրանք վկայություններ են, որ հայերը գինի պատրաստել են դեռ Քրիստոսից առաջ 2-րդից 1-ին հազարամյակներում:
Քաղաքակրթության խորհրդանիշ գինին հայկական լեռնաշխարում լայն կիրառություն ու տարածում է ունեցել դեռ 6000 տարի առաջ: Այն ոչ միայն կենցաղային ու ծիսական նշանակություն է ունեցել, այլև գործածվել է բժշկության մեջ: Բաժիններից մեկում տեղադրվելու են ձեռագրեր՝ բերված մատենադարանից, որոնք վկայություններ են ավանդական դեղատոմսերում գինու առկայության ու իրավարարության մասին: Գոշն անգամ հոդվածներ ունի, թե ինչ պատիժ է սպառնում գինովցած սայլապանին՝ եզներ լծելու դեպքում:
Ջրհորդաններ ոռոգման ու զտիչներով խողովակներ՝ խմելու ջրի համար: Նախաքրիստոնեական ջրանցքից մնացած հատվածները ևս տեղափոխվում են Գինու պատմության թանգարան՝ Արագածոտն, քանի որ հենց այս տարածքն էր խաղողագործության ու գինեգործության հնագույն կենտրոններից մեկը: Հայաստանի ամենաբարձր լեռան ստորոտում է տեղակայված աշխարհի ամենահին ու ամենաառաջին արհեստական ոռոգման ջրաբաշխիչ համակարգը՝ հենց դրա համար էլ որոշվեց, որ Գինու պատմության թանգարանը ևս պետք է լեռան ստորոտում լինի: