Հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը ներառյալ պատվաստվել է 58108 անձ, որոնցից 56010-ը եղել են ՀՀ քաղաքացիներ, և միայն 2096-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ. Կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում պատվաստման գործընթացին: Ըստ նրա՝ օտարերկրյա քաղաքացիները ևս Հայաստանում պատվաստվում են, բայց այն փոքր համամասնություն ունի ընդհանուր պատվաստումների վիճակագրության մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ այսօր մեր կարիքների հետ կապված պատվաստանյութերի առկայության խնդիր չունենք: «Առաջիկա մատակարարումներն էլ պլանավորվում են այնպես, որ Հայաստանն իր ծրագիրը կարողանա իրականացնել և պատվաստումների աճ ունենա»,- ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարարը հավելեց, որ առաջիկայում ակնկալվում է չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութի մատակարարումը: Պայմանագիրն արդեն իսկ կնքված է: «Ունենք նաև նվիրատվության խոստումներ: Որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ տեխնիկական հարցերը ճշգրտելու և պրոցեսն առաջ տանելու»,- ասաց նա: