Աշակերտից ուսանող դառնալու ճանապարհին այս տարի բարձր միավորներով աչքի են ընկել հատկապես հայոց պատմությունից քննություն հանձնողները: Այս առարկայից 18-20 են ստացել դիմորդների 1/3-րդը:
Արամ Նազարյան (ԳԹԿ գլխավոր մասնագետ) - Առաջին փուլի միջին գնահատականը եղել է 14.6 միավոր:
Միավորները բարձր են, բայց Գնահատման և թեստավորման կենտրոնի գլխավոր մասնագետն ամենևին էլ չի կարծում, որ դիմորդներն առարկան լավ գիտեն: Մեխանիկական աշխատանքի արդյունք է: 2017 թվականից հետո հայոց պատմության շտեմարանները վերահրատարակվել են, բայց բովանդակային առումով ոչինչ չի փոխվել:
Արամ Նազարյան - 3 տարի դիմորդները նախապատրաստվում են և հասցնում են երեք շտեմարանները լավ յուրացնեն, անգիր անեն:
Շտեմարաններն անգիր անելու հարցում հաճախ աշակերտներին օգնում են հենց ուսուցիչները: Պատմության դասաժամերին դասագիրքը մի կողմ են դնում ու շտեմարանով դասն անցկացնում: Ըստ պատմության ուսուցչի` սա տարածված պրակտիկա է:
Աշոտ Եղիազարյան (պատմաբան, հասարակագետ) - Շտեմարաններով պարապելը բացասական երևույթ է: Շտեմարանով պարապելը մի դրական բան կարող է ունենալ, երբ որ յուրացրել ես գիտելիքը, այն գործիք է դառնում, որ ստուգես դա:
Որպեսզի ոչ թե մեխանիկական աշխատանքը, այլ իրական իմացությունը ճշգրտվի, ԳԹԿ-ում առաջարկում են հաջորդ տարվա համար քննական ծրագիրը փոխել: Այն թեմաները, որոնք նախորդ տարիներին ընդգրկված չեն եղել, ներառել քննական թեստերում:
Արամ Նազարյան - Ուզում ենք բովանդակային առումով թարմացում անել քննական ծրագրում, թեստերի բովանդակության մեջ նաև ստուգենք դիմորդների պատմական մտածողության վիճակը:
Աշոտ Եղիազարյան - Թեմաներ կան, որ չէի ասի որ երկրորդական են, բայց շտեմարանից դուրս են մղված:
Ըստ Եղիազարյանի՝ շտեմարարաններում պատմության ամբողջ ընթացքը չի ներկայացվում: Բացի այդ, չեն ձևավորվում նաև վերլուծական կարողություններ: Շտեմարանների առաջադրանքները նույնությամբ ձևակերպվում են քննական թեստում, դիմորդների գործն էլ հեշտացնում: ԳԹԿ-ում առաջարկում են թեստ կազմողներին ինքնուրույնություն տալ:
Արամ Նազարյան- Հնարավորություն տրվի հայոց պատմության պարագայում թեստ կազմողները ոչ միայն շտեմարանների առաջադրանքների հիման վրա կազմեն քննական թեստը, նաև կարողանան որոշ առաջադրանքներ, որոնք քննական ծրագրին համապատասխանում են, իրենք ինքնուրույն կազմեն:
Փոփոխություններ անելու համար նախնական քննարկումներ արդեն արել են: Առաջարկները մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ կներկայացնեն նաև կրթական գերատեսչություն: