ՀՀ-ԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ
Կառավարության նիստը մեկնարկեց առողջապահության նախարարի զեկույցով: Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 3 մլն դոլար դրամաշնորհ, որն ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին: Արարատի և Արմավիրի մարզերում կկառուցվի հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի երկու մասնաճյուղ: Ինչպես նաև Վանաձորի բժշկական կենտրոնին կից՝ ինֆեկցիոն նոր կենտրոն:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Կարծում ենք, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է, և այս ծրագրերի շրջանակներում մենք կունենանք ամբողջական համակարգված ազգային ցանց, որովհետև մյուս հինգ մասնաճյուղերը վերազինվել են:
Երեկ կատարվել է 6492 թեստավորում, դրական են եղել 303-ը: Վարակվածների թիվը, թեև դանդաղ, սակայն ավելանում է՝ փաստում է նախարարը: Ուսումնական տարվան ընդառաջ կխստացնեն փակ տարածքներում վերահսկողությունը: Կանխարգելման միակ միջոցը պատվաստումն է՝ նշում է Անահիտ Ավանեսյանը: Մինչև այժմ պատվաստվել է 190036 քաղաքացի, միայն երեկ՝ ավելի քան 6000-ը: Պատվաստվողների թիվն ավելանում է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Երբ որ մենք հրապարակում ենք պատվաստման թվերը, մենք խոսում ենք միայն Հայաստանի քաղաքացիների մասին, ճի՞շտ է:
Անահիտ Ավանեսյան - Պարո՛ն վարչապետ, ձեր հանձնարարականի համաձայն՝ 07.15-ից մենք վարում ենք առանձին վիճակագրություն, և տեղեկացնեմ, որ ամսի 15-ից մինչև 4 օգոստոսի պատվաստվել է 58108 անձ, որոնցից 56010-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ, և միայն 2090-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ
Պետեկամուտների կոմիտեի ղեկավարն առաջարկեց փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Google-ի, Facebook-ի և նմանատիպ ընկերությունների օնլայն ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները կհայտարարագրեն ու կվճարեն:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Օրինակ՝ Նեթֆլիքսից ենք օգտվում, ֆիլմեր ենք դիտում, Նեթֆլիքսի բաժանորդագրությունը արժի համապատասխան գումար, այդ գումարի մասով լինելու ա հարկային պարտավորությունների հայտարարագրում և վճարում:
Նիկոլ Փաշինյան - Այսինքն` եթե հերթով չթվարկենք դեպքերը, այդ դաշտում փակում ենք ամեն ինչը: Այո, և նաև կառավարությունը սահմանելու ա էլեկտրոնային ծառայությունների ցանկը, որոնք որ այս հարկման պարտականության տակ ընկնում են:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՀԱՐՑԸ
Կառավարությունը քննարկեց նաև Սևանա լճից հավելյալ ջուր բացթողնելու հարցը: Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ օրենքով ամրագրված 170 մլն մետր խորանարդ ջրառի փոխարեն այս տարի վերցնել մինչև 240 մլն մետր խորանարդ: Տարեսկզբից արվող լավատեսական կանխատեսումները չեն իրականացել՝ արձանագրեց վարչապետն ու հարց ուղղեց՝ ինչո՞ւ է ջրառի հարցը քննարկվում ուշացումով, երբ ոռոգման համակարգի խնդիրները լուծելու հանձնարարականները տրվել են ավելի քան մեկ ամիս առաջ:
Նիկոլ Փաշինյան - Կանխատեսումները անում են էն նույն պետական մարմինները, որոնք երկու ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում, չորս ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում, հիմա էս երկու հարցի պատասխանն ո՞վ ունի: էն ժամանակ, որ կանխատեսում էիք, որ Սևանա լճում ունենալու ենք աննախադեպ բարձր մակարդակ, էն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ ա գալու, ոռոգում ա գալու: Եվ երկրորդը՝ հունիսի 2-ին կայացրած որոշումը ինչու ա իրականություն դառնում վերջին պահին, առանց պատշաճ հանրային քննարկումների:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Այս տարի մենք 12 օր առաջ ջրառը իրականացրեցինք՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով, ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ վերջին 60 տարվա մեջ այսպես կլիներ՝ դա չէինք կարող կանխատեսել:
Ինչպե՞ս է ծախսվելու հավելյալ ջրառից Սևան-Հրազդան կասկադում արտադրված էլեկտրաէներգիայի գումարը՝ հարցրեց վարչապետը: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հավաստիացրեց, որ այդ գումարը կուտակվելու և ծախսվելու է միայն ջրային համակարգի բարելավման նպատակով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ դա իրականացնելու համար օրենքում ևս մեկ փոփոխություն է պետք:
Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - Եթե ջուրը բաց թողնենք, Սևան-Հրազդան կասկադում հավելյալ եկամուտներ ա ստեղծվելու, «Հայաստանի էլեկտրական ցանցերում» հաջորդ սակագների վերանայման ժամանակ վերադարձնելու ենք սպառողներին: Գումարը չի վերադարձվի ոռոգման համակարգ, եթե նախօրոք օրենքում չգրենք դրա մասին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Նախ՝ ես կարծում եմ, որ պետք է ստուգվի՝ նախորդ տարիների կուտակված գումարները ո՛նց են ծախսվել: Թող ՊՎԾ-ն ստուգի և զեկուցի, թե քանի անգամ ա սենց որոշում կայացվել, և գումարները որտեղ են ծախսվել:
Մինչև ստուգումը, որպեսզի այգետերերն անջուր չմնան, Սևանից հավելյալ ջրառի փոփոխությունն ընդունվեց: