Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որով առաջարկվում է ոռոգման նպատակով Սևանա լճից 2021 թվականի ջրի բացթողնման 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչև 245 մլն խմ:
«Օրենքով ամրագրված է, որ լճից ջրի առավելագույն բացթողնման չափաքանակը 170 մլն խմ է: Բացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակում: 2021 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն խմ, որը 2020 թվականի 351 մլն-ի համեմատ պակաս է 125.70 մլն խմ-ով: Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորվածից շուտ ջրի բացթողումներ»,- տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ամիսներ առաջ իրեն զեկուցվում էր, որ ունենալու ենք Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ:
«Այն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու և այլն»,- հարցրեց Փաշինյանը:
Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ կանխատեսումների համաձայն՝ հունիսի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը պետք է հասներ 1901 մ բացարձակ նիշի:
«Խնդիրը նրանում է, որ այս տարի մենք 12 օր առաջ ջրառն իրականացրեցինք՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով: Ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ այսչափ՝ դա չէր կանխատեսվել»,- ասաց Պետրոսյանը: