Քաբուլում սպանվել է Աֆղանստանի կառավարության մամուլի խոսնակը, որը նաև ղեկավարել է տեղեկատվական կենտրոնը: «Թալիբան» շարժման զինյալները ստանձնել են Դավա Խան Մենապալի սպանության պատասխանատվությունը: Նա էր տեղեկատվություն տրամադրում տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
*****
«Հեզբոլլահ» շարժման ուժերը Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի զբաղեցրած Շեբաա անունով լիբանանյան տարածքի ուղղությամբ: Շարժումը հայտարարել է, որ դա նախօրեին Իսրայելի կողմից օդային հարձակման պատասխանն է: Այս պահին Իսրայելը ևս պատասխան հարվածներ է հասցնում «Հեզբոլլահին»: Վնասների, վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Տարածաշրջանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը:
*****
Կալիֆոռնիայում մոլեգնող Դիքսի հրդեհը ոչնչացրել է Գրինվիլ գյուղաքաղաքը: Քաղաքի վերջնական ավերման մասին լուրը հաստատել է կոնգրեսական Դու Լամալֆան: Անճանաչելի դարձած քաղաքի շինությունների մի մասը կառուցվել է 1800-ականների սկզբին: Քաղաքում նախօրեին դեռևս իշխել է ծուխը, և տեսանելիությունը դարձրել գրեթե զրոյական: Կալիֆոռնիայի տարածքում ավերածությունների պատճառ դարձած Դիքսի անունով հրդեհն արդեն տարածվել է ավելի քան 121 000 հեկտար տարածքում: Նահանգում մոլեգնում է մեկ այլ հրդեհ, որն ստացել է Գետ՝ River անունը: River հրդեհի պատճառով արդեն տարհանվել են հազարավոր բնակիչներ: Շատերը տանից հեռանալիս չեն հասցրել վերցնել որևէ իր: Հրդեհը նաև դարձել է մի քանի հրե գնդերի պատճառ: Տեղի հրշեջները հայտարարել են, որ նման մասշտաբի հրդեհ երբևէ չեն հանդիպել:
*****
Հրդեհը շարունակում է ավերիչ ընթացքը նաև Հունաստանում: Անտառներն այրող բնական աղետը մոտեցել է մայրաքաղաք Աթենքին: Երկրի հրշեջ ծառայության տվյալով՝ հրդեհը մեկուսացվել է երեք օջախներում: Սակայն Աթենքից 30 կմ հեռու գտնվող Դրոսոպիգի բնակավայրի հրդեհը դեռևս ամենավտանգավորն է: Երկրի իշխանությունը տեղի բնակիչներին կարճ հաղոդրագրությունների միջոցով հորդորել է տարհանվել: Վերահսկողությունից դուրս եկող հրդեհի դեմ ցամաքում պայքարող հրշեջներին միացել է 4 օդանավ, 9 ուղղաթիռ: Ոստիկանությունը փակել է դեպի հրդեհի հիմնական օջախներ տանող ճանապարհները: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ժողովրդին տեղեկացրել է, որ անցյալ գիշերն Էլլադայի հրշեջների համար եղել է ամենածանրը:
Կիրիակոս Միցոտակիս, Հունաստանի վարչապետ - Ցավոք, կարող եմ ասել, որ վատագույնը դեռևս առջևում է: Առաջիկա գիշերն ամենասպառնալիցն է: Մեր երկրի բազմաթիվ վայրերում սպասվում են ուժեղ արևմտյան քամիներ: Երկրի 6 մարզում, ներառյալ՝ Ատտիկան, հռչակել ենք վտանգավորության կարմիր աստիճան: Խնդրում եմ ձեռնպահ մնալ ոչ անհրաժեշտ ուղևորություններից և լինել ծայրահեղ ուշադիր: Երբ ստանաք տարհանման հրահանգ, խնդրում եմ հետևել դրան: Տները կարող են վերակառուցվել, ծառերը՝ կրկին աճեցվել, սակայն մարդկային կյանքը երբեք չի կարող փոխարինվել: Այս արտակարգ իրավիճակում բոլորս պետք է միասնական լինենք:
Հրդեհն արդեն վտանգավոր է դարձրել անտիկ շրջանի Օլիմպիական խաղերի անցկացման պատմական վայրերի բնակիչների կյանքը: Պելոպոնեսի Լասդիկաս գյուղի բնակիչները որոշել են մնալ իրենց տներում և հրշեջների հետ համատեղ պայքարել ամեն ինչ կլանող կրակի դեմ:
Գիանիս Կանելոպուլոս, Լասդիկաս գյուղի բնակիչ - Մենք կանանց, ծերերին և երեխաներին հրահանգեցինք հեռանալ: Ով կարող էր օգնել որևէ բանով, մնաց այստեղ:
Հունաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացրել է, որ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը դեպի անտիկ Օլիմպիա: Սակայն կրակը շարունակում է սպառնալ մոտակա գյուղերի բնակիչներին: