Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ կարևորելով վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի, մասնավորապես, սամբո մարզաձևի զարգացման, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Լևոն Հայրապետյանի անվամբ նրա երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականն է: