Օգոստոսի 6-ին Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման երկու նախագիծ, որոնցից առաջինով հեղինակը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով:
Դրանցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձևավորվեն յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Մյուս 10 հանձնաժողովները կլինեն նույնը, ինչպես եղել է յոթերորդ գումարման խորհրդարանում:
Մշտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման երկրորդ՝ նույնանուն նախագիծը հեղինակել են ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները: Նախագծով առաջարկվում էր ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից մեկը հեղինակներն առաջարկում էին ձևավորել որպես Արցախի հարցերով զբաղվող:
Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը:
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած նախագիծը չընդունվեց:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ գումարվել են ԱԺ խմբակցությունների նիստեր և ընտրվել են խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ: