«Որ կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է զտվեն ու դուրս մղվեն համակարգից, ինձ համար միանշանակ է: Միանշանակ է նաև կառավարության համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Նախարարը նշեց, որ ինքն առաջիկայում նախատեսում է հանդիպումներ ԲԴԽ-ի, դատախազության, ՔԿ-ի, ԱԱԾ-ի ներկայացուցիչների հետ: «Այդ բոլոր մարմինների հետ համատեղ է հնարավոր իրականացնել այն դատաիրավական բարեփոխումները, որոնց հասարակությունը սպասում է»,- ասաց Անդրեասյանը: Նախարարը նաև նշեց, որ նախատեսում է հատկապես ինստիտուցիոնալ վերափոխումների, վերափոխումների հետ կապված որոշումները կայացնել հասարակական կազմակերպությունների, գործընկերների հետ ինտենսիվ քննարկումների և կոնսենսուսի միջոցով:
Ըստ Անդրեասյանի՝ Հայաստանում վեթինգն արդեն սկսված է: «Արդեն կան համակարգից դուրս մղված դատավորներ: Բայց ամենակարևորը՝ հիմքերն են դրված, որ ես կարողանամ գործել ու ձեզ կոնկրետ արդյունքներ ապահովել»,- ասաց նա: