Ասպիրանտական աշխատանքը կենսաինֆորմատիկայի ոլորտն է՝ նոր ուղղություն գիտության մեջ: Հետազոտում, վերլուծում են հիվանդությունները, որոնց զարգացման հիմքում գենետիկան է: Կենսաինֆորմատիկան համատեղում է կենսաբանության, համակարգչային գիտության, տեղեկատվական ինժեներիայի, մաթեմատիկայի և կենսաբանական տվյալների վերլուծությունը: Այն նպաստում է ԴՆԹ-ի մոդելավորմանն ու փոխազդեցությանը: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի գենետիկական մուտացիաներ, որոնք ինչ-որ փուլում ավելացնում են հիվանդության առաջացման ռիսկը:
Քաղցկեղի, սրտանոթային և այլ հիվանդությունների հիմքում հենց մուտացիան է և խնդիրը՝ պարզել գենետիկան ու կանխարգելման ճանապարհը: Գենետիկական մուտացիաները, որոնք հանդիսանում են հիվանդությունների ռիսկի գործոն, տարբեր դրսևորումներ ունեն տարբեր շրջաններում: Մարիա Նիկողոսյանի գիտական հետազոտության հիմքում եվրոպական և հայկական պոպուլյացիաներն են:
Մարիա Նիկողոսյան (ասպիրանտ) - Փորձում ենք նկարագրել ամբողջ տարածվածությունը ու տարբերությունը գենետիկական ռիսկի տարբեր պոպուլյացիաներում ու հասկանալ, թե ոնց է կարելի ունենալով ինֆորմացիա՝ արդյոք էդ մարդն ունի մուտացիա, թե ոչ, պատկանում է այս կամ այն պոպուլյացիային, կյանքի ընթացքում կհիվանդանա, թե ոչ:
Կենսաինֆորմատիկայի մի շարք կարևոր ծրագրեր արդեն հայտնագործվել են։ Օրինակ՝ գենի հաջորդականությունների և հիվանդությունների միջև եղած հարաբերությունները: Դա օգնում է ստեղծել նոր դեղեր և անհատական բուժումներ հիվանդների համար՝ հիմնվելով նրանց ԴՆԹ հաջորդականությունների վրա: Կենսաբանները լաբորատոր պայմաններում գեներացնում են մեծ տվյալներ, իսկ կենսաինֆորմատիկները մշակում են արդյունքները, միաժամանակ գրում ծրագրեր՝ հեշտացնելու տվյալների մշակումը:
Մարիա Նիկողոսյան - Մենք վերցնում ենք մարդու ԴՆԹ-ում առկա որոշակի փոփոխությունների մասին ինֆորմացիան:
Մարիա Նիկողոսյանի ասպիրանտական աշխատանքը հնարավոր է դարձել Գիտության կոմիտեի տրամադրած ասպիրանտների աջակցման դրամաշնորհի միջոցով: Հիմնական ուղղությունը՝ տարբեր պոպուլյացիաներում բազմագործոն հիվանդությունների գենետիկական ռիսկերի գնահատումը: Տարբեր են պոպուլյացիաները տարբեր հատվածներում՝ եվրոպականը, հայկականը կամ ուրիշ, ունեն զարգացման տարբեր միտումներ:
Մարիա Նիկողոսյան - Մենք փորձում ենք մշակել մի նոր մոտեցում, որ թույլ կտա հաշվի առնել՝ էդ մարդը եվրոպական պոպուլյացիային ա պատկանում, հայկական, աֆրիկյան, ավելի ճշգրիտ գնահատենք էդ ռիսկը:
Մարիա Նիկողոսյանը վստահ է՝ այս նոր ուղղությունը նոր ճանապարհ է տվյալների արագ ստացման հարցում: Կենսաինֆորմատիկան հիբրիդ գիտություն է, որը կապում է կենսաբանական տվյալները վերլուծող տեխնիկաների հետ:
Այն ապահովելու է կենսաբժշկության նոր մակարդակ Հայաստանում: