«Երևան» երկաթուղային կայարանում այսօր տեղի է ունեցել Երևան-Գյումրի-Երևան երկաթուղային ուղևորափոխադրումների համար նախատեսված երկու նոր ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքների ընդունման և շահագործման հանձնման շնորհանդեսը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Հայաստանում ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, երկաթուղայիններ։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր խոսքում նշել է, որ երկաթուղու շարժակազմի թարմացումը ՀՀ ՏԿԵ նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև արդյունավետ գործակցության շոշափելի արդյունքներից է՝ հիշեցնելով, որ այդ համագործակցության շրջանակներում երկու ամիս առաջ շարժակազմը համալրվել է նաև 27 նոր ուղևորատար վագոններով։
Շնորհակալություն հայտնելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ վերջիններիս համատեղ ջանքերի շնորհիվ առկա է բավական հաստատուն և ապագային միտված համագործակցություն, որը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիների համար ապահովել հարմարավետ երկաթուղային ուղևորություն թե երկրի ներսում, թե երկրից դուրս։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկաներին շնորհավորելով նոր էլեկտրագնացքների շահագործման մեկնարկի առիթով, նշել է, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի դերը շարունակաբար մեծանում է ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների առումով։
ՏԿԵ նախարարն ընդգծել է, որ հատկապես 2018 թ․ սկսած ոլորտում առկա են նոր էական ձեռքբերումներ՝ այդ առումով կարևորելով նաև նոր գնացքների համապատասխանությունը անվտանգության ու հարմարավետության միջազգային չափանիշներին։ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված է իրականացնել երկաթգծերի շուրջ 9․5 կմ հատվածի կապիտալ նորոգում, որոնց համար նախատեսված է ծախսել 2 մլրդ 773 մլն դրամ, իսկ երկաթուղային շարժակազմերի համալրման համար արդեն իսկ ծախսվել է շուրջ 15 մլրդ գործընթացը շարունակական է լինելու։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը վստահություն է հայտնել, որ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքների շնորհիվ երկաթուղային ուղևորությունն ավելի գրավիչ ու հարմարավետ կդառնա՝ ընդգծելով, որ ընկերության առաջնայնությունը անվտանգության ու ուղևորափոխադրումների մյուս պահանջների ապահովումն է։
Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարության պատասխանատուներին երկաթուղային շարժակազմերի թարմացման և ենթակառուցվածքների նորոգման հարցերում արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ այդ համագործակցությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել։
Ալեքսեյ Մելնիկովը Սուրեն Պապիկյանին Երկաթուղայինի օրվա առիթով հանձնել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» կրծքանշան՝ առանձնահատուկ գնահատելով ոլորտի պետական գերատեսչության և ՀԿԵ ընկերության միջև կառուցողական գործակցության զարգացման մեջ ՏԿԵ նախկին նախարարի դերը։ Միջոցառման շրջանակում հյուրերը շրջել են նաև Հայաստանի երկաթուղու թանգարանում, ծանոթացել նոր համալրված ցուցանմուշին՝ Հայաստանի երկաթուղային համակարգի մանրակերտին։
Միջոցառմանը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «բաց դռների օրվա» շրջանակում ճանաչողական այցով ներկա են եղել նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված մի խումբ երեխաներ։