ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ
Կալիֆոռնիայում մոլեգնող Դիքսի հրդեհը ոչնչացրել է Գրինվիլ գյուղաքաղաքը: Քաղաքի վերջնական ավերման մասին լուրը հաստատել է կոնգրեսական Դու Լամալֆան: Անճանաչելի դարձած քաղաքի շինությունների մի մասը կառուցվել է 1800-ականների սկզբին: Քաղաքում նախօրեին դեռևս իշխել է ծուխը և տեսանելիությունը դարձրել գրեթե զրոյական: Կալիֆոռնիայի տարածքում ավերածությունների պատճառ դարձած Դիքսի անունով հրդեհն արդեն տարածվել է ավելի քան 121000 հա տարածքում: Նահանգում մոլեգնում է մեկ այլ հրդեհ, որը ստացել է Գետ՝ River անունը:
River հրդեհի պատճառով արդեն տարհանվել են հազարավոր բնակիչներ: Շատերը տնից հեռանալիս չեն հասցրել վերցնել որևէ իր: Հրդեհը նաև դարձել է մի քանի հրե գնդերի պատճառ: Տեղի հրշեջները հայտարարել են, որ նման մասշտաբի հրդեհ երբևէ չեն հանդիպել:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ՝ ՀՐԴԵՀԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
Հրդեհը շարունակում է ավերիչ ընթացքը նաև Հունաստանում: Անտառներն այրող բնական աղետը մոտեցել է մայրաքաղաք Աթենքին: Երկրի հրժեջ ծառայության տվյալով՝ հրդեհը մեկուսացվել է երեք օջախներում: Սակայն Աթենքից 30 կմ հեռու գտնվող Դրոսոպիգի բնակավայրի հրդեհը դեռևս ամենավտանգավորն է: Երկրի իշխանությունը տեղի բնակիչներին կարճ հաղոդրագրությունների միջոցով հորդորել է տարհանվել: Վերահսկողությունից դուրս եկող հրդեհի դեմ ցամաքում պայքարող հրշեջներին միացել է 4 օդանավ, 9 ուղղաթիռ: Ոստիկանությունը փակել է դեպի հրդեհի հիմնական օջախներ տանող ճանապարհները: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ժողովրդին տեղեկացրել է, որ անցյալ գիշերն Էլլադայի հրշեջների համար եղել է ամենածանրը:
Կիրիակոս Միցոտակիս (Հունաստանի վարչապետ) - Ցավոք, կարող եմ ասել, որ վատագույնը դեռևս առջևում է: Առաջիկա գիշերն ամենասպառնալիցն է: Մեր երկրի բազմաթիվ վայրերում սպասվում են ուժեղ արևմտյան քամիներ: Երկրի 6 մարզում, ներառյալ՝ Ատտիկան, հռչակել ենք վտանգավորության կարմիր աստիճան: Խնդրում եմ ձեռնպահ մնալ ոչ անհրաժեշտ ուղևորություններից և լինել ծայրահեղ ուշադիր: Երբ ստանաք տարհանման հրահանգ, խնդրում եմ հետևել դրան: Տները կարող են վերակառուցվել, ծառերը՝ կրկին աճեցվել, սակայն մարդկային կյանքը երբեք չի կարող փոխարինվել: Այս արտակարգ իրավիճակում բոլորս պետք է միասնական լինենք:
Հրդեհն արդեն վտանգավոր է դարձրել անտիկ շրջանի օլիմպիական խաղերի անցկացման պատմական վայրերի բնակիչների կյանքը: Պելոպոնեսի Լասդիկաս գյուղի բնակիչները որոշել են մնալ իրենց տներում և հրշեջների հետ համատեղ պայքարել ամենակուլ կրակի դեմ:
Գիանիս Կանելոպուլոս (Լասդիկաս գյուղի բնակիչ) - Մենք կանանց, ծերերին և երեխաներին հրահանգեցինք հեռանալ: Ով կարող էր օգնել որևէ բանով, մնաց այստեղ:
Հունաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացրել է, որ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը դեպի անտիկ Օլիմպիա: Սակայն կրակը շարունակում է սպառնալ մոտակա գյուղերի բնակիչներին:
ՀԻՐՈՇԻՄԱՅԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ 76-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Ճապոնիայի բնակիչներն առավոտյան 8:15-ին մեկ րոպե լռությամբ են սկսել Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցի արարողությունները: Պատմության ամենաաղետաբեր իրադարձությունը համարվող ողբերգության պատճառը 1945 թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ռազմական օդանավից արձակված ատոմային ռումբի պայթյունն է: Պայթյունի ալիքից, ճառագայթահարումից և ջերմային ալիքից մինչև 1945 թ. ավարտը Հիրոշիմայում զոհերի թիվը հասել էր 140 հազարի: Ողբերգական պայթյունի վերապրողների մոտ ախտորոշվել են քաղցկեղ և ճառագայթահարման հետ կապված այլ հիվանդություններ: Այս տարվա հիշատակի միջոցառումների մասնակիցների թիվը եղել է սահմանափակ՝ մոտ 800 մարդ: Դա նախորդ տարիների մասնակիցների մեկ երրորդն է: Հիրոշիմայի քաղաքապետ Մացիմո Կազումին եղբայրական գերեզմանի մոտ տեղադրել է միջուկային աղետի պատճառով մինչև անցյալ տարի մահացած մոտ 329 հազար մարդկանց անունների ցուցակը: