Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրության երկու տապալված փորձից հետո պատգամավորների երրորդ փորձը հաջողվեց: «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն ընտրվեց խորհրդարանի փոխնախագահ:
Զբաղեցնելով Ազգային ժողովի նախագահության վերջին թափուր մնացած աթոռը՝ Սաղաթելյանը հայտարարեց՝ պատրաստ է լուրջ աշխատանքի, խոստացավ՝ օրենսդիրում կներկայացնի ոչ միայն իրենց ընտրողներին, այլ նաև չընտրողներին:
Այնուհետև խորհրդարանն անցավ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցի քննարկմանը:
ԱԺ-Ն ԿՈՒՆԵՆԱ 12 ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ. ՔՊ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ առողջապահության հարցերի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են 7-րդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:
ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյան - Այդ հանձնաժողովները մասնագիտական են, և անհրաժեշտ է, որ ներառված լինեն մասնագետներ, որ ապահովեն նաև օրենսդրական համապատասխան որակ:
Հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
Վլադիմիր Վարդանյան - Հաշվի առնելով, որ ձևավորվում է 12 հանձնաժողով, իսկ «Պատիվ ունեմ»-ը ներկայացված է ընդամենը 7 անդամով, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր հանձնաժողովում ունենալ մեկ անդամ նշանակելու հնարավորություն:
Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Նախագիծը ներկայացնող, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ 2020-ի պատերազմից հետո Հայաստանը և Արցախը ծանր կորուստներ են կրել, և հանձնաժողովը պետք է զբաղվի այդ բոլոր հարցերով:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյան - Աշխարհն ունի կարիք՝ լսելու այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Այս հանձնաժողովի հնարավոր ձևավորման շուրջ էլ ծավալվեց օրենսդիրների այսօրվա քննարկումը:
Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը ուղերձ է միջազգային հանրությանը, որ Հայաստանը Արցախից ձեռքերը չի լվացել, իսկ այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել: Այս մասին ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյան - 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախում և ՀՀ-ում ստեղծված օրհասական իրավիճակը պարզապես թելադրում է մեզ ունենալ երկրորդ հայկական պետության խնդիրներով զբաղվող, մշտապես գործող խորհրդարանական միավոր:
Իշխանությունից նախ՝ թվերով ներկայացրեցին, թե ինչ է արվել և ինչ է արվում Արցախում պատերազմից հետո, իսկ հնչած մեղադրանքներին, թե հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկելով իշխանությունը կստորադասի Արցախի խնդիրները, հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ավելի քան 5 ժամ տևած քննարկումից հետո իշխանության և ընդդիմության ներկայացրած որոշման երկու նախագծերը դրվեցին քվեարկության: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրածն ընդունվեց, ընդդիմությանը՝ ոչ:
Իսկ մինչև աշխատանքային օրն ավարտելը խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը հայտարարեցին, թե որ հանձնաժողովներն են նախընտրում ղեկավարել:
Այդպիսով, ըստ Դոնթի բանաձևի, ընդդիմությունը ընտրեց Տնտեսական, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները, մնացած 9 հանձնաժողովն անցավ իշխանությանը:
Նախագահների ընտրության հարցը քննարկվի արդեն երկուշաբթի: