Հուլիսի 29-ին դատախազությունը հաղորդում տարածեց «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում 21 մլրդ դրամի, այսինքն՝ շուրջ 43 մլն դոլարի առերևույթ չարաշահումների մասին, հարուցվել է քրեական գործ:
Իսկ հիմք է հանդիսացել է Պետական վերահսկողական ծառայության կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ընկերությունում իրականացված ուսումնասիրությունը:
Ռաֆայել Զաքարյան (Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ) - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրությունը եղել է ծավալուն, ընդգրկել է 2015 թ.-ից սկսած կատարված գործարքները, եղել են խնդիրներ, որոնք ուսումնասիրվել են 2008 թ.-ից սկսած:
Վերջերս ավարտված և ամփոփված ուսումնասիրությունները սկսվել են դեռ 2020 թ.-ից: Արդյունքում՝ պարզվել են փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքեր:
Նախագծերով նախատեսված շինարարական մեծ ծավալի աշխատանքները կատարվել են անորակ, ինչի արդյունքում մեծ վնաս է կրել ՋԷԿ-ը: Հայտնաբերվել են պայմանագրերով հաստատված, բայց փաստացի չկատարված ծախսեր:
Նաև բացահայտվել են ոչ արդյունավետ ծախսեր՝ բարձր արժեքով մեծ սարքավորումներ են ձեռք բերվել, որոնք այդպես էլ երբևէ չեն շահագործվել:
Շատ են եղել խախտումներ գնումների կազմակերպման գործընթացում՝ կեղծ հաշիվ-ապրանքագրեր, մրցակցային պայմանների խախտում, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների ձեռքբերում և այլն:
Պայմանագիր է կնքվել քարածուխի մատակարարման ընկերության հետ, տրվել է կանխավճար, բայց ոչ միայն ածուխը չեն տվել, այլ կանխավճարն էլ չեն վերադարձրել:
Եվս մեկ աղմկոտ բացահայտում ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում՝ այս անգամ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում: Այս դեպքում պետությանը հասցված վնասը կազմում է 120 մլն դրամ, հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հուլիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել: Հաջորդ օրը կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հակադարձեց՝ այն գումարները, որոնց մասին խոսվում է, կետ առ կետ ունեն իրենց պատասխանները, ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի մտել կենտրոն, գոնե՝ վերջին 3 տարվա ընթացքում:
ՊՎԾ-ն տիրապետում է և վեր է հանել բոլոր փաստական տվյալները: Ըստ էության, արյունաբանական կենտրոնի տնօրինությունը չի հերքել վեր հանված փաստերը: Ըստ էության, արյունաբանականի տնօրենը նշում է՝ 45-ում են գտել խնդիր, մենք ուսումնասիրել ենք 596 պատմագրեր, 45-ում հայտնաբերվել են խնդիրներ:
Պատմագրերը ընտրվել են պատահական, ուստի կա հիմնավոր կասկած, որ մնացածում էլ կարող են լինել խնդիրներ: Օրինակ՝ հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքն ամբողջությամբ չի տրամադրվել, փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել։
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Պետական վերահսկողության ծառայությունից մեզ հայտնեցին՝ ամփոփման փուլում էլի ուսումնասիրություններ կան, շուտով նոր բացահայտումներ կլինեն:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան