Լոռի-Շիրակ երկաթգծի մակետի կողքին երկաթուղայինի թանգարանում շուտով նաև Երևանը կլինի՝ մակետից իրական երկաթգիծ: Երևանի կայարանում կազմ-պատրաստ դռներն են բացել մայրաքաղաքից հայրաքաղաք ուղևորների փոխադրմանը սպասող ժամանակակից երկու նոր էլեկտրագնացք:
ԷՊ2Դ՝ այսպես են կոչվում Հայաստան հասած «Հարավկովկասյան երկաթուղու» շարժակազմը համալրած էլեկտրագնացքները. երկու վագոնով տարբերակը հարմար է Հայաստանի պայմաններին՝ անվտանգ է, հարմարավետ բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցողների համար:
Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Մենք հիմա քաղում ենք «Հարավկովկասյան երկաթուղու» մեր գործընկերների հետ առաջին պտուղները: Մեր քաղաքացիները արդեն Երասխից մինչև Գյումրի կարող են ճանապարհորդել այս հարմարավետ էլեկտրագնացքներով:
Էլեկտրական գնացքները «Հարավկովկասյան երկաթուղում» արդեն չորսն են, կսպասարկեն ներհանրապետական երթուղիները: 2021-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորների թիվը 31 տոկոսով ավելացել է:
Ալեքսեյ Մելնիկով (ՀԿԵ գլխավոր տնօրեն) - Տոմսերի գներն աննշան աճել են, բայց միայն դրամի փոխարժեքի անկման և շվեյցարական ֆրանկի փոխարժեքի աճի պատճառով։ Ինչպես և աշխարհի մյուս երկաթուղիները, ՀԿԵ-ն իր սակագները համաձայնեցնում է շվեյցարական ֆրանկի փոխարժեքին։ Ընդհանուր առմամբ, սակագները մատչելի են, ու քաղաքացիները հաստատում են դա:
Հայաստանի երկաթգծային ցանցը նորացնելու համար այս տարի նախատեսված է 9.5 կմ կապիտալ վերանորոգում: Ոլորտում սպասվող փոփոխություններն է ներկայացնում նորանշանակ նախարարը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Նախատեսված է 2 մլրդ 773 մլն դրամ, և տարեցտարի ֆինանսի թափն է մեծանում, շուրջ 15 մլրդ դրամ էլ ներդրվել է շարժակազմի համալրման արդիականացման համար, որոնցից երկուսի նորամուտը տեսանք:
Հաջորդ տարի Հայաստան ևս մեկ էլեկտրագնացք կգա, նաև 50 բեռնատար վագոն, մինչև այդ «Հարավկովկասյանի» հետ արդյունավետ գործակցության համար պարգևատրվում է Սուրեն Պապիկյանը: