Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը, հաղորդում է ekhokavkaza-ն: Ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի Շալվա Ամիրանաշվիլիի անվան թանգարանի դիմաց և պահանջում են հրապարակել թանգարանի եզակի ցուցանմուշների տեղափոխման ծրագիրը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ ցուցանմուշները վտանգված են, քանի որ տեղափոխելիս դրանք կարող են վնասվել կամ գողանալ:
Ցուցարարները տեղում կենդանի շղթա են կազմել և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են շենքը պաշտպանել ֆիզիկապես: Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանիի խոսքով՝ Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի պետական թանգարանի վթարային շենքը պետք է վերանորոգվի: Ինչ վերաբերում է թանգարանում պահվող ցուցանմուշներին, ապա դրանք վերանորոգման ընթացքում կտեղափոխվեն այլ վայր, իսկ աշխատանքների ավարտից հետո կվերադարձվեն թանգարան: Մշակույթի նախարարության նախնական ծրագիրը ներառում էր արվեստի թանգարանի պատմական շենքի քանդումը, սակայն հանրային ճնշումների պատճառով որոշումը փոխվել էր: