ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 49-ամյա բնակիչը, թմրամիջոցների ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 44,15 գ «Ափիոն» տեսակի, 4,3 գ «Մեթամֆետամին» տեսակի, մանր չափերի՝ 1,44 գ «Մարիխուանա» տեսակի, 0,09 գ «Տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, մանր չափերի՝ 0,004 գրամ «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութ, ինչպես նաև` 0,004 կգ «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր, որոնց մի մասը պահել է իր տանը, իսկ մյուս մասը՝ անդրավարտիքի մեջ։
Երևանի 45-ամյա բնակիչը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 50,06 գրամ «Ափիոն» տեսակի, 22,49 գ «Մեթամֆետամին» տեսակի, 7,99 գ «Կոկաին» տեսակի, խոշոր չափերի՝ 0,0302 գ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի, մանր չափերի՝ 0,69 գ «Մարիխուանա» տեսակի, 1,02 գ «Տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի, 3 հատ, զգալի չափերի՝ ընդհանուր 0,03 գ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 0,78 գ «Ֆենազեպամ» տեսակի հոգեմետ նյութ, 0,01785 կգ «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր, որոնցից մի մասն ապօրինի պահել է իր բնակարանում, մի մասը՝ Երևան քաղաքում գտնվող մեկ այլ տանը, իսկ մնացած մասը՝ իր սպորտային վերնազգեստի գրպանում։
2021 թ. մարտի 11-ին և 19-ին քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների արդյունքում նշված նյութերը հայտնաբերվել և վերցվել են:
Բացի այդ, 45-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 75 հատ AK-47 տեսակի ինքնաձիգերից, РПК տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, УЗРГМ տեսակի մարտական պայթուցիչով «Ф-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, ինչպես նաև` ակոսափող հրազեն հանդիսացող AKM տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, որոնք ևս հայտնաբերվել և վերցվել են նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ 45-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նշված երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: