«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարվող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն Արցախում կազատվի ավելացված արժեքի հարկից: Օրենքն Արցախի խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանում՝ հաշվի առնելով սպասվող բնակարանաշինության ծավալները:
Վահրամ Առաքելյան, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ - Առաջարկվում է ավելացված արժեքի հարկի մասին ԱՀ օրենքով սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ աշխատանքների կատարումը, ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Հետպատերազմյան սոցիալական վիճակով պայմանավորված՝ Արցախում վերանայում են ոստիկանության տիրույթի վարչական իրավախախտումների վերաբերյալ տույժերի չափը: Օրինագիծը խորհրդարանն ընդունել է միաձայն:
Արտեմ Հարությունյան, Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ - Նախագծի ընդունման արդյունքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից:
Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն նույնպես վերանայում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արժեքը: Խորհրդարանի հավանությամբ նվազեցվել է պետական գրանցման և միասնական տեղեկանքի համար սահմանված վճարների չափը:
Սուրեն Գալստյան, Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ - Պետական գրանցման համար նախատեսված պետական տուրքի նվազագույն՝ 30 հազար դրամի փոխարեն առաջարկվում է 10 հազար դրամ: Նույն գույքերի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար նախատեսված պետական տուրքի 10 հազար դրամի փոխարեն առաջարկվում է 5 հազար դրամ:
Արցախի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին լրամշակված օրենքին: Միջգերատեսչականի փոխարեն այսուհետև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման հարցը կքննի հանրապետական հանձնաժողովը: Վերջինիս որոշումն իմպերատիվ է:
Ժիրայր Միրզոյան, Արցախի արդարադատության նախարար - Այլևս հանրապետական հանձնաժողովի կողմից տրվող տեղեկանքը պարտադիր հիմք կդառնա ԱՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցում, և կկարգավորվեն մարտական գործողություններին քաղաքացիների մասնակցության առնչվող տարաբնույթ այլ հարցեր:
Արտահերթ նստաշրջանն Արցախի խորհրդարանը գումարել է հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, ինչի համար պատգամավորներն արձակուրդից հետ են կանչվել: