Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախարար Կարեն Անդրեասյանի՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրած մտքերին: Խոսքը վերաբերում է Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող կարգավորումներին:
«Քանի որ որոշակի քննարկումներ կան Կառավարության այսօրվա նիստից հետո արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող կարգավորումների վերաբերյալ արված մեկնաբանության մասով, եկեք հստակ արձանագրենք հետևյալը․
նախարար Անդրեասյանը, անդրադառնալով անվտանգության նկատառումներով իրականացվող միջոցառումներին, նշեց, որ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք՝ անկախ մեր մասնագիտություններից:
Ու որպես կոնկրետ ԱԺ-ում անվտանգության կանոնները ոչ պատշաճ պահպանելու արդյունքում արձանագրված ողբերգություն՝ հիշեցրեց Նաիրի Հունանյանի դեպքը՝ բնավ որևէ զուգահեռ չտանելով լրագրողների ու նրա միջև։ Հետևապես, մասնագիտությամբ լրագրող Հունանյանի օրինակը բացառապես բերվեց անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևորելու անհրաժեշտությունից։
Ցավում եմ, որ մեր որոշ գործընկերներ, թյուրիմացության արդյունքում, իրենց են վերագրում ասվածը, բայց վստահեցնում եմ, որ նախարարը դա ի նկատի չի ունեցել։
Նախարար Անդրեասյանի՝ այս թեմայով հարցին տրված ամբողջական պատասխանը սա էր․
«Ես գիտեմ, որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե որևէ օրենք է խախտում կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում. լրագրող է, բժիշկ է, իրավաբան է: Ինչ վերաբերում է այսօրվա Ձեր հարցադրմանը՝ այդ սահմանափակումներին․․․ անվտանգության դեպքում՝ ազգային անվտանգության դեպքում, պետական անվտանգության դեպքում, աշխարհի բոլոր՝ ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ: Եվ նաև հիշեցնելով, թե ով էր, օրինակ, Նաիրի Հունանյանը՝ լինելով լրագրող՝ կարող էր ինչեր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չեն, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք: Դա, ի վերջո, մեր պետության պաշտպանության հարցն է:
Այլ խնդիր է, որ ես՝ որպես պաշտոնյա, և մեր բոլոր գործընկերները Ազգային ժողովում պիտի կարողանանք Ձեզ համար ստեղծենք ամենանպաստավոր պայմանները աշխատանքի համար, ինչի մասին արդեն լսել եմ, որ ԱԺ նորանշանակ նախագահը հիմա քննարկում է։
Մենք էլ պատրաստ ենք՝ որպես գործադիրի մասնագետներ, աջակցենք Ազգային ժողովի մեր գործընկերներին, որպեսզի լրագրողների համար ստանանք ամենահարմար աշխատանքային պայմանները»»,- գրել է Մարտիրոսյանը՝ մեջբերելով նախարարի խոսքը։