Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թ. երկարացման նպատակով։
Թրծաթողման գործընթացն անցնում էր ատոմակայանի ռեակտորային դահլիճում՝ ռեակտորը մնում էր իր հաստիքային տեղում։ Թրծաթողման կայանքը մատակարարվել է ԱԷԿ ապամոնտաժված վիճակում, այնուհետև երկհարկանի շենքի բարձրությամբ այդ կայանքը հավաքվել և տեղադրվել է ռեակտորի իրանում։ Մետաղը դանդաղ տաքացրել են մինչև 475 աստիճան, պահպանել այդ ջերմաստիճանը 150 ժամվա ընթացքում և նույնքան դանդաղ հովացրել։
Ռեակտորի իրանը միջուկային կայանի հիմնական չփոխարինվող մաս է։ Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղական ծածկույթի տեխնիկական բնութագրերը 80-85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին։
«Հայկական ԱԷԿ-ը՝ մեր անվտանգության և Հայաստանի տնտեսության զարգացման գրավականն է։ Ռեակտորի իրանի հուսալիությունն ու աշխատունակությունը մեծ մասամբ պայմանավորում է ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը։ Ռուսաստանցի մասնագետների փորձի և բարձր որակավորման շնորհիվ կայանի երկարաձգման նախագծի առանցքային աշխատանքներն անցել են գերազանց»,- նշել «է ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Թրծաթողման աշխատանքներն անցկացրել են հայ մասնագետներ՝ ռուսաստանյան մի շարք ընկերությունների և կազմակերպությունների հետ համատեղ, որոնց թվում են АО ОКБ «ГИДРОПРЕСС», АО «НПО «ЦНИИТМАШ», АО «Атомэнергоремонт», НИЦ «Курчатовский институт», ЦНИИКМ «Прометей»։ Արդիականացման պայմանագրի շրջանակում իրականացվող աշխատանքները կազմակերպում է «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, որն ընդգրկված է «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման կազմում։
Ռեակտորի իրանի թրծաթողման տեխնոլոգիան մշակել են «ՄՏԿԳՀԻ» ԳԱՄ» ԲԸ մասնագետները։ Ամբողջ աշխարհում թրծաթողումն ընդունվում է որպես ռեակտորային կայանների անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովման արդյունավետ եղանակ։ Առաջին անգամ այդ մեթոդը կիրառվել է 1987 թվականին՝ Նովովորոնեժյան ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում։
ВВЭР-440 տեսակակի ռեակտորների վերականգնողական թրծաթողման աշխատանքներն արդեն իրականացվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի մի շարք ատոմակայաններում։