«Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը տեղեկացնում է՝ արդեն ավարտվել է Ehealth Armed և «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» (Путешествую без Covid-19) հավելվածների ինտեգրացիան։
Սա նշանակում է, որ Հայաստանում Armed համակարգի միջոցով տրամադրվող QR կոդը ճանաչվում/վալիդացվում է «Путешествую без Covid-19» հավելվածի կողմից և ընդունվում եվրասիական երկրներում։
«Եթե պատրաստվում եք այցելել եվրասիական երկրներ՝ Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան կամ Ղրղզստան, սահմանը հատելիս Հայաստանում պատվաստումից հետո ստացած QR կոդ պարունակող սերտիֆիկատը կամ Ehealth Armed հավելվածի՝ QR կոդ պարունակող ձեր էջը հնարավոր է սքանավորել «Путешествую без Covid-19» հավելվածով, որից հետո տեղի կունենա ճանաչումը/վալիդացիան, և ձեր՝ կանաչ գույնի անձնագիրն արդեն կարտացոլվի «Путешествую без Covid-19» հավելվածում։
Դուք կարող եք սքանավորել և՛ թղթային սերտիֆիկատը, և՛ Ehealth Armed հավելվածում առկա QR կոդը։
Եթե նախընտրում եք սքանավորել թղթային սերտիֆիկատը, ապա պատվաստվելիս բուժաշխատողից անպայման պահանջեք QR կոդ պարունակող սերտիֆիկատ, որն էլ կսքանավորեք «Путешествую без Covid-19» հավելվածի միջոցով և վալիդացումը տեղի կունենա։
Ehealth Armed հավելվածում առկա QR կոդը հնարավոր է պարզապես սքանավորել մեկ ուրիշ հեռախոսի միջոցով, որտեղ ներբեռնված է «Путешествую без Covid-19» հավելվածը»,- ասված է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի Ֆեյսբուքի գրառման մեջ: