Առաջնային խնդիրներից մեկը Արցախում բնականոն կյանքի վերականգնումն է. 44-օրյա պատերազմից հետո այս օրակարգն է որդեգրել Հայաստանի Կառավարությունը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամները քննարկել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի բնականոն կյանքի վերականգնումը վերաձևակերպենք և Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնենք: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ ենք նշմարում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն:
Առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնել անհրաժեշտ որոշումները՝ խնդիրների լուծման վերաբերյալ վարչապետի մոտեցումն է: Շարունակելով թեման՝ Արցախի նախագահը ընդգծել է՝ հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում հաջողվել է պահպանել սոցիալական կայուն վիճակ: Ըստ Հարությունյանի՝ անկախ տեղահանված բնակչության թվից՝ սուր խնդիրներ չեն եղել:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Իհարկե, խնդիրներ մինչ այսօր կան՝ բնակարանային հարցերի հետ կապված, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք: Սոցիալական առումով Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել:
Ժողովրդագրական դրական պատկեր ունենալու առումով կողմերը քննարկել են կոնկրետ ծրագրեր՝ աշխատանքի ապահովման, տնտեսության վերականգնման համար:
Արայիկ Հարությունյան - 2021 թվականի պետական բյուջեի նախագծով մեր սեփական մուտքերը պլանավորել էինք 16-17 մլրդ դրամ, բայց հաստատ 30 մլրդ դրամի ցուցանիշն անցնելու ենք: Ամենախոշոր հարկատուն, գործատուն՝ «Բլեզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքն արդեն աշխատում է 15-20 տոկոսով, և եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ծրագրերն իրականացնել, արդեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե:
Արցախում ջրային ծրագրերն արդեն սկսվել են, զուգահեռ նաև Չարեքտար-Գետավան հատվածում մեկնարկել են 17 մեգավատտ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրակայանի շինարարության աշխատանքները:
Արայիկ Հարությունյանը նշել է՝ գյուղատնտեսության առումով ևս որոշակի ծրագրեր ընթացքի մեջ են, այգիներ հիմնելու հարցում մեծ հետաքրքրություն կա:
Հեղինակ՝ Անի Ստեփանյան