Օգոստոսի 6-ից Eurowings-ը կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան՝ իր ուղևորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան: Յուրաքանչյուր ուրբաթ օր Airbus A320 օդանավը Հայաստան կմեկնի 14:20-ին և կժամանի 20:40-ին: Հետադարձ թռիչքը կիրականացվի նույն օրը՝ ժամը 21:30-ին, և Քյոլնի/Բոնի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:20-ին: Թռիչքի բոլոր ժամերը ներկայացված են տեղական ժամանակով:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Ուրախ ենք, որ Eurowings-ը մուտք է գործում հայկական շուկա: Շնորհավորում ենք ավիաընկերությանը և մաղթում հաջող գործունեություն ու անվտանգ թռիչքներ: Այսուհետ դեպի Եվրոպա ուղիղ մեկնելու հնարավորություններն ավելի կմեծանան»:
«Մեզ համար Eurowings-ում մեծ հաճույք է առաջին անգամ սպասարկել հայաստանյան շուկան և առաջարկել կանոնավոր թռիչքներ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն: Austrian Airlines-ի, Brussels Airlines-ի, հաջորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ի և արդեն Eurowings-ի հետ միասին, որն առաջատար եվրոպական low-cost ավիափոխադրողներից է, մենք ուրախ ենք մեծացնել մեր` Lufthansa խմբի ներկայությունը Երևանում և, հետևաբար, ավելի շատ հնարավորություններ առաջարկել Հայաստանից ճանապարհորդների համար»,- նշել է Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:
Չվերթեր կարելի է ամրագրել
eurowings.com կայքի, հավելվածի կամ տուրիստական գործակալությունների միջոցով: