Կորոնավիրուսով վարակվածների օրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճ է գրանցում. Կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում գրանցվել է 25 «դելտա» շտամի և 5 բրիտանական շտամի առկայություն:
«Առաջիկայում սպասվում է ուսումնական տարվա մեկնարկը, և մենք ամեն բան պետք է անենք կանոնները պահպանելով հնարավորինս զսպելու վարակի աճը: Բայց ինչպես գիտենք, վարակի տարածման դեմ ամենագործուն միջոցը պատվաստումն է: Այս պահի դրությամբ մենք իրականացրել ենք 19036 պատվաստում, որից միայն երեկ իրականացվել է 6188 պատվաստում: Պատվաստման տեմպի բավական լավ առաջընթաց ունենք: Իհարկե ուրախալի է, բայց պետք է շարունակական աշխատենք՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնելու պատվաստումները ողջ երկրում»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ 30 նմուշառված դեպքերից գրանցվել է 25 «դելտա» շտամի և 5 բրիտանական շտամի առկայություն:
«Հորդորում ենք մեր քաղաքացիներին պատվաստվել: Դրանք արդյունավետ են, անվճար են, հասանելի են»,- ասաց Ավանեսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե արդեն երկու օր է՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 300-ից ավելի է: «Սա մեզ համար պետք է ահազանգ լինի»,- նշեց Փաշինյանը: