Շինարարական աղմուկը՝ միախառնված հայերենով ու ֆրանսերենով. ֆրանսահայ երիտասարդ կամավորները նորոգում են Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի մի մասնաշենքը: Աշխեն Տիրեքը Փարիզում աստղագիտություն է ուսանում, պատ հարթեցնելն այստեղ է սովորել, հիմա ձեռքն ավելի վարժ է դարձել, ամենից շատ ուրախ է երեխաների համար, նախկին դասասենյակներն անճանաչելիորեն փոխվել են:
Աշխեն Տիրեք, կամավոր - Շատ տգեղ էր, պատերին ներկեր չկային, պիտի ուղղակի նորոգեինք: Հիմա խաղասրահ կլինի, այստեղ պիտի նկարեն:
Հայազգի կամավորներին է միացել նաև ֆրանսուհի Նելլի Դոռնելը: Առաջին անգամ է Հայաստանում, բայց վերջինը չի լինի․
Նելլի Դոռնել, կամավոր - Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, օգնում եմ դպրոցին: Շատ եմ սիրում Հայաատանը և մարդկանց, անպայման էլի կգամ Հայաստան:
Հայ Բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ Ֆրանսիայում ծնունդ առած կամավորական այս շարժումն արդեն տասը տարեկան է: Երկու տարին մեկ տարբեր ծրագրեր են կյանքի կոչել Հայաստանում և Արցախում: Նորոգել են նաև սահամանամերձ գյուղերի դպրոցներ: Փարիզեցի Վահեն հնաբնակներից է, 3-րդ անգամ է մասնակցում ծրագրերին, իսկ Դիլիջան երկրորդ այցն է:
Վահե Թադևոսյան, կամավոր - Այս տարի որոշեցինք ընտրել Դիլիջանը, որովհետև շատ ենք սիրում այս քաղաքը, գեղեցիկ քաղաք է, մարդիկ շատ բարի են:
30 կամավորով հիմնովին նորոգել են դպրոցի 4 դասասենյակները, որոնք մշակութային յուրատեսակ անկյուն կդառնան: Այստեղ կգործեն խաղասրահը, դահլիճը, երեխաների հանգստի սենյակը, նորացրել են նաև մասնաշենքի տանիքը, տեղադրել արևային վահանակներ: Ծրագրի արժեքը 67 հազար եվրո է: Մեկ ամիս առաջ սկսված շինարարության վերջին արարն է:
Մարինե Մեջինյան, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն - Դպրոցում չի եղել դահլիճ՝ էլեկտրոնային գրատախտակով, հիմա մենք կունենանք նաև պարի համար նախատեսված սենյակ: Հրաշալի աշխատանք են իրականացնում, ջանասիրաբար: Մեր ուսուցչական կոլեկտիվը, ծնողները և աշակերտները մեծ անակնկալ ունեն նոր ուսումնական տարում:
Կամավորները հասցրել են նաև դպրոցականների համար ճամբար կազմակերպել, շփվել դիլիջանցի երեխաների հետ, օգտակար լինել՝ ինչով կարող են:
Աննա Խաչատրյան, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի - Շատ գոհ ու շնորհակալ ենք ֆրանսահայերից, որ նորոգեցին մեր դպրոցը: Ճամբար են բացել, երեխաներով գալիս էինք, մեզ հետ խաղեր էին խաղում, նվերներ տալիս:
Արցախցիներին ևս հասցեագրված նվերներ ունեն: Այս կենսուրախ երիտասարդներին քաղաքն ընդունեց ջերմությամբ և այդպես էլ պատրաստվում է հրաժեշտ տալ:
Արտակ Բոջիկյան, Դիլիջանի համայնքապետի խորհրդական - Ջերմություն, սրտացավություն և հոգատարություն ամբողջ հանրության կողմից: Մենք այսօր հրճվում ենք կատարված աշխատանքից:
Դպրոցում ասում են՝ սա լավագույն նվերն է սեպտեմբերի 1-ի համար: