Դատախազական լիազորությունների իրականացման ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում տվյալներ են ստացվել մարզի տարածքում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպքերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ 2021 թ. հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի՝ Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի հատվածում, գազալցակայանում լիցքավորվելուց հետո, ընթացքի մեջ «Մերսեդես-Բենց Е-350» մակնիշի ավտոմեքենայի գազի գլանոթը պայթելու հետևանքով անզգուշությամբ վերջինիս մահն առաջացնելու փաստի առթիվ:
Բացի այդ, 2021 թ. հուլիսի 28-ին «Իջևան» ԲԿ-ից հոաղորդում է ստացվել, որ մարմնական տարբեր վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով նշված մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, N ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանում «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ գազի գլանոթը պայթելու հետևանքով: Տեղի ունեցած դեպքերի կոնկրետ պատճառի պարզման նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Համաձայն ՀՀ Կառավարության 2008 թ. օգոստոսի 28-ի թիվ 1101-Ն որոշման՝ լիցքավորման ավարտի ճնշումը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա, մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ լիցքավորման ավարտին ճնշումը գլանոթում կազմում է 19,6 ՄՊա-ից ավելին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար:
Հաշվի առնելով նման խախտումների արդյունքում առաջացող ծանր հետևանքները՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազը գրություն է հասցեագրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ձեռնարկելու միջոցներ՝ ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված՝ գազալցակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները հայտնաբերելու, սահմանված կարգով ընթացք տալու և նմանատիպ հետագա դեպքերի հնարավորությունը բացառելու ուղղությամբ:
Մարզի դատախազը նշել է, որ միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է իրականացվի մարզի տարածքում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մշտադիտարկում, կատարվեն հաճախակի անակնկալ ստուգայցեր՝ սահմանված տեխնիկական կանոնակարգերի անշեղ պահպանումը մշտական դարձնելու նպատակով: