Օգոստոսի 4-ին Երևանում կայացել է www.buyarmenian.com առցանց վաճառքի համահայկական հարթակի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը, որի նպատակն էր հանրության լայն շրջանակին ներկայացնել նախաձեռնության բովանդակությունը և հարթակի հնարավորությունները։
Ամերիկահայ Լիլիթ և Նշան Օդաբաշյանների՝ «Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ավելի ուշ գործարկվել է նաև Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ է դարձել Հայաստանի արտադրողների և սփյուռքում բնակվող հայ սպառողների միջև։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա չափազանց կարևորել է հարթակի գործարկումը և հույս հայտնել, որ այն լայն հնարավորություններ կստեղծի հատկապես փոքր և միջին գործարարության զարգացման համար։ «Մեզ համար մեր հայրենակիցների ջանքերով ստեղծված հարթակը կարևոր է երեք պատճառով՝ այն զարգացնում է eCommerce-ը, աջակցում ՓՄՁ-ներին և նպաստում արտահանման ծավալների ավելացմանը։ Եվ մեր կառավարությունը շատ մեծ ջանք է դնելու, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունները դառնան հաջողակ մեր երկրում։ Այսօր նրանց դերը մեր տնտեսության մեջ շատ փոքր է՝ 27%։ Մենք պլանավորել ենք 5 տարվա ընթացքում կրկնապատկել նրանց մասնակցությունը և լայնամասշտաբ աջակցություն ենք ցուցաբերելու թե՛ կրթական, թե՛ որակի ենթակառուցվածքների, թե՛ ֆինանսական ռեսուրսների հասանելիության և արտահանման խթանման ուղղություններով։ Այդ ծրագրերն արդեն մշակման փուլում են»,- ասել է էկոնոմիկայի նախարարը և քաջալերել բոլորին շատ ակտիվ ներգրավվել բիզնեսի մեջ՝ շեշտելով, որ կառավարության ուշադրությունը փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ ավելանալու է։
«Միասնաբար բարձրանում ենք» կարգախոսն ունեցող այս նախաձեռնությունը միտված է համախմբել աշխարհասփյուռ հայկական ներուժը և միասնական ջանքերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Buy Armenian առցանց վաճառքի համահայկական հարթակը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իրենց արտադրանքը։ Հարթակում արդեն իսկ գրանցված է 750 արտադրող, որոնք առաջարկում են շուրջ 5500 ապրանքատեսակ՝ սննդից մինչև ձեռագործ իրեր ու հագուստ, և նշված թվերն օրեցօր ավելանում են։
«Աջակցում եմ այս շատ կարևոր նախագծին, որովհետև այն կոչված է աջակցելու Հայրենիքին, նաև խթանելու արտադրությունը Հայաստանում և Արցախում։ Հասկանալով, թե որքան նպաստավոր է նախագիծը մեր Հայրենիքի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության համար, մենք սկսեցինք աջակցել տարբեր ձևերով և, առաջին հերթին, հասու դարձնելով այդ գաղափարը լայն հանրությանը»,- իր ելույթում նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ով առցանց միացել էր միջոցառմանը։ Նրա խոսքով՝ շահում են Հայրենիքը, Հայրենիքում ապրող և արտադրող մարդիկ ու ընկերությունները, նաև հայկական արտադրանքը ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում, ինչը նույնպես չափազանց կարևոր է։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, համահայկական կառույցների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, նախաձեռնության գործընկերները և անդամները։