Մայիսի 13-26-ը և հուլիսի 8-22-ը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգայցերով Սյունիքի մարզում էր:
Նորայր Դանիելյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչություն պետ) - Տեսչական մարմնի առաջարկով՝ վարչապետի հանձնարարականով կատարվել է ստուգում Քաջարանում, Մեղրիում, Գորիսում, որից հետո տարեկան ծրագրով ստուգումներ անցկացվել են Տաթև և Սիսիան համայնքներում:
Կադաստրային, հողաշինարարական գործերի ստուգում, տեղազննություն: Բոլոր համայնքներում տեսչական մարմինը խախտումներ արձանագրել է: Իսկ առավել մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներին իրավական գնահատական տալու համար ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են գլխավոր դատախազություն: Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության պետը Տաթև խոշորացված համայնքի օրինակն է բերում: Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի կերպով հողամասեր են տրվել վարձակալության, ուղիղ վաճառքով օտարում է կատարվել:
Նորայր Դանիելյան - Համայնքի ղեկավարը իր օգնականին, խորհրդականին, խորհրդականի հորը, իր աշխատակազմի քարտուղարի հորը, իր երեք որդիներին, որդու կնոջը ներգրավել է հրապարակային աճուրդներում, ձևական կազմակերպել է հրապարակային սակարկություններ և տրամադրել հողամասեր, որոնց հետևանքները մինչև այժմ առկա են:
46 խախտումների հիմքով տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն, շատ դեպքերում, օրինակ՝ անտեսվել է նաև Հողային օրենսգրքի՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահանջը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա բջջային օպերատորների աշտարակներ են տեղադրվել:
Նորայր Դանիելյան - Դրանք վերցրել են վարձակալության չնչին գումարով ու տվել ենթավարձակալության եռանիշ թվերով:
Ի դեպ, Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2021 թ. փետրվարի 22-ին, ռազմական դրության պատճառով նոր ընտրություններ չէին նշանակվել: Նմանատիպ խախտումներ արձանագրել են նաև Գորիսում, Քաջարանում, Մեղրիում: Այս տարվա ընթացքում տեսչական մարմինն արդեն ստուգումներ կատարել է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում, բոլոր տեղերում կան խախտումներ, որոշ դեպքերում գործերն արդեն դատարանում են, նշում է Դանիելյանը, ավելացնում՝ ամեն դեպքում արարքներն իրենց որակական ու քանակական բնութագրով առավել մեծ վտանգավորություն ունեցել են Տաթև խոշորացված համայնքում:
Առաջիկայում ստուգումները հասնելու են Շիրակի և Գեղարքունիքի մարզեր: Իսկ Սյունիքի տարբեր համայնքներում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։