Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատարանն այսօր սկսել է հետազոտել գործում առկա ապացույցները:
Ըստ այդմ՝ հրապարակվել է գործով տուժող Սևան Քոչարյանի՝ ոստիկանությանն ուղղված դիմումը, որի հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել:
1990-ականներից դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող տուժողը դիմումում նշել է, որ 2015 թվականից փորձել է Իրանից դիզվառելիք ներկրել Հայաստան, որը, սակայն, օրերով մնացել է մաքսակետում և Հայաստանի տարածք մտել պայմանով, որ ինքն այլևս չի զբաղվի դիզվառելիքի ներկրմամբ:
Տուժող Սևան Քոչարյանը դիմումում նշել է, որ այդ ապօրինությունների մեղավորը «Ֆլեշ» ընկերության ղեկավարությունն է, որը օգտագործել է իր կապերը նախկին իշխանությունների հետ, որոնք մենաշնորհ են սահմանել Հայաստանի վառելիքի շուկայում։ Դատարանում ապացույցների հետազոտումը կշարունակվի մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար, իսկ գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար: