Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով: Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում Բաքվին և Երևանին կոչ են անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրադրության վատթարացման, քանի դեռ լարվածությունը չի նվազել: Նման պատասխան հնչեցրեց ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը՝ անդրադառնալով «Լուրերի» արձանագրմանը, որ հուլիսի 28-ին ադրբեջանական կողմը հարձակողական մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանին՝ Սոթքից Վերին Շորժա ընկած հատվածում, ինչի արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ և չորս վիրավոր։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել նաև է Գեղարքունիքի մարզի գյուղերը՝ խախտելով և վտանգելով տեղի բնակչության խաղաղ կյանքը: Ինչպե՞ս է գնահատում ռուսական կողմը Բաքվի կողմից իրավիճակի միտումնավոր սրումը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ:
Ալեքսանդր Բիկանտով, Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն - Առանձնահատուկ տագնապ է առաջացնում այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմից մարդկային զոհերով: Ցավոք, չնայած բոլոր քայլերին, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում: Բոլոր ծագող հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ակտիվ ներդրում ունենալ ադրբեջանա-հայկական սահմանի շրջանում իրավիճակի կարգավորման գործընթացում, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքի մեկնարկի միջոցով:
Դիվանագետի գնահատմամբ՝ ռուսական կողմի ջանքերը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ մեկտեղ, ինչպես նաև միջհամայնքային երկխոսության խթանումը, կնպաստեն Հարավային Կովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելուն: Ռուսական կողմի մշտական վերահսկողության ներքո է նաև հայ ռազմագերիների հարցը՝ վստահեցնում է Բիկանտովը՝ անդրադառնալով Ադրբեջանում Ժնևյան կոնվենցիայի խախտմամբ հայ ռազմագերիների դեմ շինծու դատավարություններին և ապօրինի վճիռների վերաբերյալ հարցին:
Ալեքսանդր Բիկանտով - Շփումները շարունակվում են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների գծով: Բառացիորեն օրերս՝ օգոստոսի 2-ին, տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի աշխատանքային հանդիպումները ադրբեջանական կողմի հետ:
Բաքուն խոչընդոտում է հայ հոգևորականների և ուխտավորների մուտքը Դադիվանք։ Այսպիսով՝ ադրբեջանական կողմը խախտում է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, որի համաձայն հավատացյալները կարող են մտնել և ծիսակատարություններ անցկացնել վանքում: Չնայած 2020-ի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահն Ալիևի հետ զրույցում կարևորել էր քրիստոնեական տաճարների և վանքերի պահպանությունն ու նրանց բնականոն եկեղեցական գործունեությունն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում, Բաքուն ոչ միայն շարունակում է ոչնչացնել հայկական քրիստոնեական ժառանգությունը, այլև խոչընդոտում է Դադիվանքում եկեղեցական արարողությունների կազմակերպմանը: Ադրբեջանական կողմի այս գործողությունները մեկնաբանելուց դիվանագետը նշեց՝ ռուսական կողմը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել Ղարաբաղում և հարակից տարածքներում մշակութային արժեքների պահպանմանը:
Ալեքսանդր Բիկանտով - Մենք համոզված ենք, որ սա կարևոր հումանիտար հարց է և պարբերաբար այս հարցը բարձրացնում ենք պաշտոնական Բաքվի և Երևանի հետ շփումներում: Ռուս խաղաղապահներն ուղեկցում են ուխտավորների խմբին դեպի Դադիվանք, Ամարաս և Գանձասար: Ամեն կերպ աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպմանը տարածաշրջան, որը կարող է տեղում իրավիճակի վերաբերյալ որակավորված գնահատական տալ: Խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսադաշտում է:
Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին, սակայն առկա խնդիրների հաղթահարմանը խոչընդոտում են միջազգային իրավական ձևակերպումների բացակայության և կողմերի միջև վստահության պակասը՝ նշեց դիվանագետը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին միանալու հեռանկարին, Բիկանտովը հաստատում է՝ Բաքուն որևէ կարգավիճակով ՀԱՊԿ-ին միանալու հայտ չի ներկայացրել: