«Ընտրություններում ժողովրդի քվեարկության ուղերձը փոփոխության ու արդարության ձգտումն էր»՝ Իրանի Իսլամական խորհրդարանում կայացած Հանրապետության 13-րդ կառավարության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռայիսի երդմնակալության ելույթից մի հատված է: «Մենք մարդու իրավունքների իրական պաշտպաններ ենք և չենք ընդունում բռնության, ոճրագործության և անմեղ ու անպաշտպան մարդկանց իրավունքների ոտնահարման նկատմամբ լռությունը»,- շեշտել է Իրանի նախագահն ու հավելել, որ ժողովրդի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է չեղարկվեն, և Իրանը կաջակցի այդ նպատակի իրականացմանն ուղղված դիվանագիտական նախագծին: 73 երկրից 115 պաշտոնյա Իրանում է, այդ թվում 10 երկրի ղեկավար, խորհրդարանի 20 նախագահ, 11 արտգործնախարար, 10 նախարար, ինչպես նաև խորհրդարանների հատուկ հանձնակատարներ և ներկայացուցիչներ:
Էբրահիմ Ռայիսին հունիսի 18-ի նախագահի ընտրություններում հավաքել էր 17,9 միլիոն քվե՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Ռայիսիի ընտրությունը համարվում է Իրանի նախագահական ընտրությունների պատմության մեջ ամենականխատեսելին։ Ընտրություններից մեկ տարի առաջ քաղաքագետները կանխատեսում էին՝ սպասվելիք ընտրություններում հաղթանակ է տանելու պահպանողական թեկնածուն, քանի որ գործող կառավարությունից դժգոհությունները շատ էին. պատճառներից գլխավորը երկրի տնտեսական անկայուն վիճակն էր: Բացի այդ, դեռ 2020 թ․ խորհրդարանական ընտրություններում բացարձակ մեծամասնությամբ հաղթանակ տարան հենց պահպանողականները։
61-ամյա Էբրահիմ Ռայիսին 2019 թ.-ից դատական իշխանության ղեկավարն է: Նա մասակցել է նաև 2017 թ․ նախագահի ընտրությանը՝ պարտվելով գործող նախագահ Հասան Ռոհանիին: Փորձագետները շեշտում են՝ Ռայիսիի ընտրությամբ օրենսդիր և գործադիր մարմինները հայտնվեցին պահպանողականների ձեռքում։ Մասնագետները կարծում են, որ կառավարությունում պահպանողականների իշխանության հաստատումը կարող է նպաստել իշխանության ճյուղերի ավելի համակարգված աշխատանքին։