Չորս հայ ծրագրավորող ընկերների գաղափարը Գերմանիայում է ծնվել: Joint stories կայքը ստեղծվել է հայ ստեղծագործող-ընթերցողի համար:
Արթուր Հայրապետյան (Joint stories կայքի համահիմնադիր) - Ժամանակի ընթացքում տարբեր իդեաներ ենք ունեցել, սա նույնպես եղել ա, և ուղղակի անցած տարի որոշեցինք սկսել էս իդեան: Պատճառը այն էր, 2020 թվականին ինչ-որ իրադարձություններ տեղի ունեցան, և մարդկանց մոտ արտահայտվելու կամ ստեղծագործելու ցանկություն կար: Եվ ուզեցինք սոցիալական ցանցերի հարթակից տեղափոխենք առանձին հարթակ, որտեղ հարմար կլինի նման գործունեության:
Վերջին մեկ ամսում կայքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, այցելուների թիվը հասել է 5000-ի, քիչ չեն նաև գրանցվողների թիվը: Ստեղծագործողներից մեկը Էլինան է, պատահական է իմացել, որ այդպիսի հարթակ կա, ու միանգամից մտածել իր պատմվածքներն ու բանաստեղծությունները հրապարակելու մասին:
Էլինա Երկանյան - Պատմվածքներս անգլերենով են, իսկ բանաստեղծություններս՝ հայերեն: Այսպիսի բան առաջ չկար, ու ինչ-որ շփման հարթակ, որտեղ հետևորդները լսարանի հետ կկարողանան կիսվել իրենց ստեղծագործություններով, համեմատելու, կարդալու, ինքներս մեզ կրթելու, էդ ձևի օնլայն հնարավորություն չկար, դրա համար ուրախ եմ, որ բացահայտեցի այն, և մեծապես ուզում եմ դրան սըփորթ անեմ:
Հարթակը երկու բաժին ունի՝ «Պատմվածքներ» և «Բլոգներ»: «Պատմվածքներ» բաժնում ստեղծագործողներն աշխատանքները տեղադրում են ըստ համապատասխան ժանրի, «Բլոգներ» բաժնում կիսվում են իրենց պատմություններով: Գրելու ձիրք ունեցողների համար այս հարթակը ևս մեկ առավելություն ունի՝ օգտատերերը կարող են հենց կայքում ավարտել իրենց կամ մեկ այլ օգտատիրոջ պատմվածք:
Էլինա Երկանյան - Էս պահին սրա վրա եմ աշխատում, իմ առաջին անգլերեն լեզվով պատմվածքն ա, կոչվում ա Per aspera ad astra, իրականում անսովոր ֆորմատ ա ինձ համար, ինքը բանաստեղծություններ իր մեջ ունի հատվածներով, հետո արդեն արձակ ա շարունակվում, մի քանի հատվածներ գրել եմ ու հիմա արդեն շարունակում եմ:
Joint stories-ի զարգացման համար նոր պլաններ են մշակվում: Հնարավոր է՝ կայքը մոտ ապագայում իր դռները բացի օտարազգի ստեղծագործողների և ընթերցողների համար:
Արուսյան Մարգարյան (Joint stories կայքի մարքեթինգի մասնագետ) - Կայքի առաջխաղացումը ու, առհասարակ, Joint stories-ի զարգացումը տարան նրան, որ մենք այսօր գտնում ենք՝ կա անհրաժեշտություն ստեղծելու նաև հավելված, որովհետև շատերն են հարցնում՝ ե՞րբ եք ունենալու հավելված կամ ունենալո՞ւ եք, չե՞ք ունենալու: Եվ կարծում եմ՝ դա նաև կտանի նրան, որպեսզի հեշտ կարողանանք միջազգային շուկա դուրս գալ և Joint stories-ը ներկայացնել համաշխարհային շուկայում:
Կարևորելով ստեղծագործող-ընթերցող հարաբերությունները՝ առաջիկայում կկազմակերպվեն նաև առերես հանդիպումներ: Joint stories-ցիները կքննարկեն միմյանց ստեղծագործությունները և ավելի լավ կճանաչեն իրար՝ հետագայում Joint stories՝ համատեղ պատմվածքներ գրելու ակնկալիքով:
Հեղինակ՝ Արմինե Սահակյան