Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին Էբրահիմ Ռայիսիի հաստատումից երկու օր անց կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նորընտիր նախագահի առաջին հանդիպումը:
Աշխատանքային այցով Իրան մեկնած Նիկոլ Փաշինյանը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ուղևորվել է Իրանի նախագահի նստավայր:
Հանդիպմանն Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և ժամանելու համար: Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ողջույնի խոսքում ասել է Իրանի ղեկավարը:
Փաշինյանն ընդգծել է, որ բազմակողմանի գործակցությունը մեր երկրի համար ունի առաջնային նշանակություն. «Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ գործակցության օրակարգը։ Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, գործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»:
Հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդման համատեքստում զրուցակիցները առանցքային են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի նկատմամբ և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը այդ ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային մրցույթին։
Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտում գործակցության զարգացման հնարավորություններին։ Կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերը, կարևորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։
Հայաստանի կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը։
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելու կողմնակից է։
Երեկոյան Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։