Վճռաբեկ դատարանը մեկ տարի անց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում է հրապարակել: Դատարանն ըստ էության գտել է, որ միակ խափանման միջոցը, որը կարող էր երաշխավորել Քոչարյանի պատշաճ վարքագիծը, կալանավորումն է: Դատարանը գտել է, որ 2 միլիարդ դրամ գրավի կիրառումն ի զորու չէ ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը՝ մասնավորապես նկատի ունենալով նախկինում նրա զբաղեցրած բարձր պաշտոնները, նրան մեղսագրվող արարքի հանրային բարձր վտանգավորությունը:
Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական - Շատ կարևոր է, որ Վճռաբեկ դատարանը շեշտադրում է կատարել նրա վրա, որ Ռոբերտ Քոչարյանի հետ գործով անցնում են անձինք, որոնք նախկինում աշխատել են նրա ենթակայությամբ: Այսինքն՝ գտնվել են ծառայողական կախվածության մեջ: Անգամ այն դեպքում, երբ պաշտոնավարումից անցել է 12 տարի, չի նվազել ռիսկն այդ գործոններով պայմանավորված ապօրինի ներգործություն կիրառելու հետ կապված:
Վճռաբեկ դատարանը հուլիսի 30-ին մերժել է դատախազության բողոքը՝ հաշվի առնելով, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանին մեղսագրվող Քօ 300.1 հոդվածը:
Գոռ Աբրահամյան - Ինչ վերաբերում է Քոչարյանին մեղսագրվող մյուս հանցագործությանը, այդ մասով Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը բավարար միջոց կարող է լինել կոնկրետ այդ հանցագործության պարագայում ամբաստանյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար և այդ մասով մերժել էր դատախազի բողոքը:
Գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի ուշացումով կայացրած որոշումները լրջորեն խոչընդոտում են արդյունավետ քննության իրականացմանը:
Գոռ Աբրահամյան - Առաջին անգամը չէ, որ մենք գործ ենք ունենում հատկապես նախաքննական քննության փուլին առնչվող գործընթացների կապակցությամբ դատական իշխանությունների կողմից կայացվող խիստ ժամանակավրեպ որոշումների հետ, որոնք գալիս են հաստատելու այդ ամբողջ ընթացքում դատախազության կողմից ներկայացրած հիմնավորումները:
Վճռաբեկ դատարանի ուշացած որոշումը որևէ գործնական հետևանքի հնարավորություն այլևս չի թողնում: