https://buyarmenian.com. այսպես է կոչվում հայկական ապրանքները սփյուռքում, արտասահմանում վաճառող ինտերնետ-հարթակը։ Հայտնի «Ամազոն-Ալիբաբայի» մեր տարբերակի հիմնադիրը ԱՄՆ-ում բնակվող Օդաբաշյաններն են․ Լիլիթն ասում է՝ ամեն ինչ սկսվեց, երբ պատերազմի օրերին որոշեցին հայկականը գնելով՝ հեռվից օգնել հայրենիքին։
«ԲայԱրմենիանով» առաջին անհատական պատվերները Երևանում ընդունել ու տեսականին Կալիֆոռնիա են ուղարկել Հայաստանում արևելյան քաղցրավենիք արտադրող Հալեպի հրուշակագործները։
«Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Մասրելյանի հաշվարկով՝ կայքն իրենց առաջ բացել է մոտ 3 միլիոնանոց սպառողների նոր շուկա։ Միասնական հարթակը թույլ է տալիս արտերկրում գնորդ գնել՝ առանց գովազդի-մարքեթինգի վրա գումար ծախսելու, ինչը կարևոր է հատկապես սկսնակ, փոքր բիզնեսների համար։ Տանյան ու Դավիթը, օրինակ՝ հասցրել են այստեղից ԱՄՆ վաճառել իրենց պատրաստած պղնձապատ, բնական տերևներով յուրօրինակ զարդերից։
Դավիթ Պողոսյան (միկրոձեռնարկատեր) - Հայկական շուկան կա, բայց սահմանափակ ա։ Միջազգային շուկան շատ ավելի մեծ ա, նույնիսկ եթե միայն սփյուռքով սահմանափակվենք, էլի շատ ա:
Ինչպե՞ս կարելի է միանալ «ԲայԱրմենիանին» ու պատվեր ստանալ, ապրանքն արտահանելիս մաքսային ի՞նչ ձևակերպումներ են անհրաժեշտ: Չիր, գինի, հագուստ արտադրողների համար անցկացվող քննարկում-սեմինարին՝ հայկական յան-ով վերջացող օծանելիքի իր նմուշներն էր բերել էմման։
Էմմա Խաչոյան («էմմա Վելեդյան» հայ-ֆրանսիական արտադրության հիմնադիր տնօրեն) - Սա մի հնարավորություն ա, որ մենք մեր արտադրությունը կարող ենք ցույց տալ ուրիշ պետություններին ու մենք նույնպես կարող ենք արտադրություն տալ՝ որակյալ և բարձր:
Կայքում տեսականի ներկայացնելը արտադրողների համար անվճար է։ Միջնորդավճար՝ 1․5-3․5 տոկոս, գանձվում է ապրանքի վաճառքից հետո միայն։ ԱՄՆ-ում ստեղծված հարթակը, ի դեպ, արդեն նաև Ռուսաստանում ու Եվրոպայում է գործում։
Նշան Օդաբաշյան (buyarmenian.com հարթակի համահիմնադիր) - Երբ որ սկսանք, մոտ 300 վաճառող ունեինք ու 1500 ապրանք։ Երեք ամիս հետո ունենք 800 վաճառող ու 5-6 հազար ապրանք:
Հայկական ապրանքների ինտերնետ-վաճառքի մասնավոր այս նախաձեռնությունը ոգևորել է նաև կառավարությանը։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ այն կնպաստի արտահանման ավելացմանը, կաջակցի փոքր ու միջին բիզնեսին, կզարգացնի էլեկտրոնային առևտուրը: Պետք է միայն մեր արտադրողը ճիշտ կողմնորոշվի և քանակի հետևից չընկնելով՝ որակյալ ապրանք առաջարկի։
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Մեր նախընտրելի սեգմենտը պիտի լինի միջին բարձր և բարձր գնողունակ սեգմենտը, որտեղ մենք կարող ենք լավ ընտրություն մեր պոտենցիալ հաճախորդների համար:
Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Եթե մենք կարողանանք ճիշտ հայկականը գնելու մշակույթ ձևավորել, մանավանդ՝ սփյուռքում, որովհետև գնողունակությունը սպառողի այնտեղ շատ մեծ է, սա մեծ աջակցություն կլինի արտադրողներին:
Կամուրջը՝ արտադրողից գնորդ պատրաստ է։ «ԲայԱրմենիանի» նպատակակետն այս փուլում հայկական ապրանքների վաճառքը ամիսը 100 հազար դոլարի հասցնելն է։