Վերջին շրջանում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դիտվում են համավարակի տարածման միտումներ: Հարկ է նշել, որ բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ նաև երեխաների և դեռահասների շրջանում, եթե չձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ, տեմպերը կաճեն. ասուլիսում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը: Կարևորելով պատվաստանյութերի դերը, նա նշեց, թե Հայաստանում առկա է երեք պատվաստանյութ՝ Astrazeneca, Coronavac և Sputnik V: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են պատվաստանյութերով, և բնակիչները կարող են դիմել ու պատվաստվել: Օրական կտրվածքով մոտ 3000-4000 անձ է պատվաստվում. առ այսօր իրականացվել է ավելի քան 183000 դեղաչափ պատվաստում:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ ՌԴ-ի և եվրոպական տարածաշրջանի համեմատ, ՀՀ-ն պատվաստման այնքան էլ լավ ցուցանիշներ չունի: Մասնագետը համոզված է՝ պատճառը մարդկանց օբյեկտիվ տեղեկացվածության պակասն է:
Սվետլանա Գրիգորյանը տեղեկացրեց՝ շարժունակության սահմանափակումներ ունեցող անձանց համար մեխանիզմներ են մշակվել, որպեսզի պատվաստումները լինեն առավել հասանելի, և հնարավորության դեպքում պոլիկլինիկաները իրենց աշխատանքն իրականացնեն հիվանդների կեցության վայրերում:
Նրա խոսքով՝ նախկինում այդ կանոնակարգումը չի եղել. պատվաստումներն իրականացվում էին միայն բժշկական կազմակերպություններում կամ, օրինակ՝ խնամքի սոցիալական կենտրոններում: