Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 329-ով: Վերջին ժամանակահատվածում, ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս նկատվում է հիվանդության տարածման աճ՝ բոլոր տարիքային խմբերի, այդ թվում՝ երեխաների և դեռահասների շրջանում:
Սվետլանա Գրիգորյան, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ - Այս միտումները կշարունակվեն, տեմպերը կաճեն, եթե, իհարկե, չձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ, իսկ կանխարգելիչ միջոցառումների մեջ առանցքային դեր ունի պատվաստումների կիրառումը:
Մասնագետները փաստում են, որ Հայաստանը պատվաստվածների թվով տարածաշրջանում վերջիններից է: Պատվաստումների ցածր ցուցանիշի պատճառը հասարակության մեջ առողջության և առողջապահության մասին գիտելիքների ոչ բավարար մակարդակն է, բուժաշխատողների հետ շփման պակասը:
Սվետլանա Գրիգորյան - Իհարկե, այս իրազեկման գործընթացում կարևոր է հաղորդակցությունը, և թե ինչքանով է բուժաշխատողը տիրապետում հաղորդակցության հմտություններին, որպեսզի այդ տեղեկատվությունը կարողանա փոխանցել բնակչին:
Վերջերս իրականացված հետազոտությունները փաստում են, որ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ Հայաստանում շրջանառվում է «Դելտա» շտամը:
Դավիթ Մելիք-Նուբարյան, Հանրային առողջության մասնագետ - «Դելտա» շտամն ավելի արագ է տարածվում, այսինքն՝ պրակտիկ դաշտում ավելի արագ է տարածվում՝ նշանակում է ավելի շատ մարդ է հիվանդանալու դրանով: Նաև կան տվյալներ, որ այն ավելի հաճախ է հանգեցնում հոսպիտալացման:
Մասնագետները հույս են հայտնում, որ «Պֆայզեր» և «Սինոֆարմ» պատվաստանյութերի մուտքը Հայաստան իր դրական ազդեցությունը կունենա պատվաստումների գործընթացի վրա: Սակայն այստեղ էլ կան որոշակի ռիսկեր:
Դավիթ Մելիք-Նուբարյան - ԷՄ, ՌՆԹ պարունակող պատվաստանյութերը, որոնց դասին է պատկանում «Պֆայզերը», շատ զգայուն են թե՛ պահպանման պայմանների համար, թե՛ տեղափոխման առումով: Պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկվի, որ տվյալ պատվաստանյութը հավասար հասանելի լինի Հայաստանի բոլոր բնակիչներին, որևէ պարագայում դա չդառնա կենտրոնի բնակիչների համար նախատեսված էլիտար պատվաստանյութ:
Պատվաստումների պահանջարկը բարձրացնելու և վարակի տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը սահմանափակումների նոր փաթեթ է մշակում: