Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ գործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»:
Թուրքմենստանի ղեկավարը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, նրան հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ հայ-թուրքմենական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և խորանալ փոխշահավետ գործակցության ոգով՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների»:
Խորհրդարանի ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայ հասարակության աջակցության մասին. նման հայտարարությամբ է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում և ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը»:
Նիկոլ Փաշինյանը նշանակվելու օրվանից սկսած բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ՀՀ վարչապետին արդեն շնորհավորել են ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը: