Խորհրդարանական ուժերը հանձնաժողովների ձևավորման հարցը դեռ չեն քննարկել: «Լուրերին» հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը; Թեև արդեն չորրորդ օրն է՝ ինչ ընթանում է Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանը, բայց պատգամավորները դեռ զբաղված են ղեկավար կազմի ընտրության հարցով:
Սիմոնյանի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են ընդդիմության հանձնաժողովների բաշխման հարցով քննարկում ունենալու համար, սակայն արձագանք չեն ստացել: Անցած տարիներին խորհրդարանական ուժերը մինչև քվեարկությունը քննարկել և որոշել են, թե որ հանձաժողովը ով է ղեկավարելու: Այս անգամ մինչդեռ, ԱԺ մարմինների ձևավորման փուլը ընթանալու է առանց մեծամասնության և փոքրամասնության նախնական համաձայնության:
Ալեն Սիմոնյան (ԱԺ նախագահ) - Դիմել եմ մեր գործընկերներին, որպեսզի այդ քննարկումը տեղի ունենա, բայց մեր գործընկերները պատրաստ չեն այդ քննարկմանը, ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում:
Իշխանության հետ հանձնաժողովների բաժանման հարց ընդդիմությունը չի քննարկի, հակադարձում է «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը և հիշեցնում՝ պատճառն այն է, որ կալանքի տակ են գտնվում իրենց երկու գործընկերները՝ «Հայաստան» դաշինքով ընտրված պատգամավորները՝ Սիսիանի և Մեղրիի նախկին քաղաքապետերը: Իսկ ընդդիմության բոյկոտը, Սաղաթելյանի համոզմամբ, չի նպաստի, որ իշխանությունն իր օրակարգը առաջ մղի:
Իշխան Սաղաթելյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Դրա համար գոյություն ունի կանոնակարգ, իրենք կընտրեն առաջին երկուսը, այնուհետև երրորդ իրավունքը մերն է, ըստ իրավիճակի կորոշենք և այդ ընտրությունը կկատարենք:
Ազգային ժողովի կայքում հրապարակված է հանձնաժողովների ձևավորման երկու նախագիծ: Դրանցից մեկը հեղինակել է իշխանությունը: Առաջարկվում է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տարանջատել և փոխարենը ունենալ երկու առանձին մշտական հանձնաժողով: Խորհրդարանական ընդդիմության հեղինակած նախագծով՝ առաջարկվում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Իշխան Սաղաթելյան - Մեզ համար շատ կարևոր է որ ստեղծվի արցախի հարցերով հանձնաժողով և դրա ղեկավարը լինի ընդդիմադիր:
Հանձնաժողովների բաշխումը իրականացվում է Դոնթի բանաձևով: Առաջին երկու հանձնաժողովը կընտրի իշխանությունը, երրորդը՝ ընդդիմությունը: Գործընթացը կշարունակվի այնքան մինչև ընդդիմությունը ունենա երեք հանձնաժողով: Թեև ըստ այդ բանաձևի երեքն էլ բաժին են հասնում «Հայաստան» դաշինքին, այդուհանդերձ երկու ընդդիմադիր ուժերի պայմանավորվածության արդյունքում մեկը կտրվի «Պատիվ ունեմ» դաշինքին: Թե որ հանձնաժողովներն են նախընտրում ընդդիմադիրները, Իշխան Սաղաթելյանը չի շտապում բացահայտել: Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս փակագծեր չի բացում, թե որ հանձնաժողովներն են նախընտրում ղեկավարել:
Հայկ Կոնջորյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Որպեսզի ես առաջ չանցնեմ քննարկվող հարցերից և տրամաբանությունից, երբ հասնենք այդ հարցին դուք կիմանաք:
Նախորդ խորհրդարանում գործում էր 11 մշտական հանձնաժողով: