ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Իրանում տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Իրանի իսլամական խորհրդարանի նախագահության խոսնակը հայտարարել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը մասնակցելու են 73 երկրների 115 պաշտոնյաներ: Արարողությանը ներկա կլինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՐԵԼ
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ գիշերը կործանիչներով հարվածել է Լիբանանի հարավի թիրախներին՝ ի պատասխան արաբական պետության տարածքից երեք հրթիռների արձակման: Իսրայելի բանակի տարածած հայտարարության մեջ նշված է, որ հարվածները հասցրել են ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք Լիբանանում օգտագործվում են ահաբեկչության համար: Համաձայն հայտարարության՝ խոցվել է լրացուցիչ թիրախ այն շրջանում, որտեղից անցյալում հրթիներ էին արձակվել: Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ Լիբանանն է պատասխանատվություն կրում այն բոլոր գործողությունների համար, որոնք տեղի են ունենում իր տարածքում, և նախազգուշացրել է զերծ մնալ Իսրայելի քաղաքացիական բնակչությանը և ինքնիշխանությանը վնաս հասցնելու հետագա փորձերից:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ
Աֆղանստանի հետ սահմանի Հարբ-Մեյդոն զորավարժարանում մեկնարկել են Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի համատեղ զորավարժությունները: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 10-ը: Զինվորականների խոսքով՝ վարժանքների հիմնական նպատակը մարտական համագործակցության ամրապնդումն Է:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
Թուրքիայի պայքարը երկրի տարածքում մոլեգնող անտառային հրդեհների դեմ անհաջող է ընթանում: Կրակը հասել է Էգեյան ծովի մոտակայքում գտնվող ածուխով աշխատող էլեկտրակայան, որը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար: Հարակից Քեմերքյոյ քաղաքի բնակչությանը տարհանել են: Քաղաքապետը մանրամասնել է, որ վտանգ դեռ կա, որ կրակը կարող է տարածվել էլեկտրակայանում առկա հազարավոր տոննա ածուխի վրա: Թուրքիայի Էգեյան և Միջերկրական ծովի ափերի ամբողջ երկայնքով բռնկվել են ավելի քան 180 անտառային հրդեհներ, ինչի հետևանքով այնտեղ արդեն 8 զոհ կա: Եվրոպական միության արբանյակային մոնիթորինգի ծառայությունը հայտարարել է, որ հրդեհների ուժգնությունը ստուգող իրենց միջոցներն ու սարքավորումներնն աննախադեպ վատ ցուցանիշներ են արձանագրել: Հրդեհների տարածման ու ընդարձակման ռիսկը մասնագետները բարձր են գնահատել, քանի որ Թուրքիայում կրակի տարածմանը նպաստում են քամիները: